Նիկոլո Մաքիավելին ժամանակին ասել է՝ ամեն հաղթող կուսակցություն ունենում է իրեն արժանի մրցակից։
Սակայն Վերածննդի շրջանի լավագույն մտածողներից մեկը, որի աշխատությունները հիմնարար նշանակություն ունեն քաղաքագիտության համար, չէր կարող իմանալ Նիկոլ Փաշինյանի իշխանության ֆենոմենի մասին:
2018-ի հայտնի իրադարձություններից հետո իշխանական քարոզչամեքենան ակտիվորեն սկսեց տարածել «սեւ ու սպիտակների», «նախկինների ու ներկաների», «հին ու նոր Հայաստանների» թեզերը:
Իշխանություններն իրենց անհաջողությունների մեծ մասը բարդում են նախկինների կատարած սխալների վրա՝ պնդելով, թե նրանց սխալները մինչ օրս շղթայական ազդեցություն ունեն Հայաստանի վրա:
Թեեւ Նիկոլ Փաշինյանի եւ նրա թիմակիցների պնդումները շատ հաճախ սուտ են կամ նման կիսաճշմարտությունների, նրանք կարողացան հաջողության հասնել, քանի որ նախկիններին մարմնավորող ընդդիմությունը դարձավ նրանց «թթվածինը»:
2020-ի պարտությունից հետո թվում էր, թե այդ թեզերն այլեւս չեն աշխատի, եւ հասարակությունը կկարողանա ընտրել վատի եւ ավելի վատի միջեւ, եթե իհարկե լավ ընտրություն կատարելու ի վիճակի չլիներ:
Սակայն ընդդիմությունն անհաջողություն կրեց փողոցային պայքարում, իսկ խորհրդարանական արտահերթ ընտրությունների հարցում երեւացին հակասություններ. խոսքը վերաբերում է Ռոբերտ Քոչարյանի պատրաստակամությանը՝ ընտրություններին մասնակցելու եւ Սերժ Սարգսյանի՝ դրանց դեմ լինելուն։
Խորհրդարանական արտահերթ ընտրություններից առաջ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը առաջարկեց նախկին նախագահներին մասնակցել ընտրություններին միասնական դաշինքով` պայմանով, որ իրենցից որեւէ մեկը չպետք է հավակնի վարչապետի պաշտոնին:
Ռոբերտ Քոչարյանը հրաժարվեց եւ առաջադրեց իր թեկնածությունը «Հայաստան» դաշինքով, իսկ Սերժ Սարգսյանը չէր տեսնում դաշինքի իմաստ, եթե երեք նախագահները չէին լինելու դրա մեջ: Վերջինս, ի տարբերություն Քոչարյանի, չէր հավակնում վարչապետի պաշտոնին:
Բոլորը հասկանում էին, որ հիմնականում պայքարն ընթանալու է Նիկոլ Փաշինյանի եւ Ռոբերտ Քոչարյանի միջեւ։ Փաշինյանին հաջողվեց հավաքել ընտրազանգված, որը հավատում էր, որ բոլոր անհաջողությունները կապված են նախկինների հետ, կամ որ Ռոբերտ Քոչարյանն իրենից ավելի մեծ չարիք է: Այդպես ՔՊ-ն կարողացավ մեծամասնություն կազմել խորհրդարանում, Նիկոլ Փաշինյանը վերարտադրվեց` խոստանալով կիրառել «երկաթյա մանդատը»:
Սակայն այդ մանդատը գնալով մաշվեց, իշխանությունն ու խորհրդարանական ընդդիմությունը սկսեցին միմյանց փոխլրացնել. որոշ ընդդիմադիրներ նախընտրեցին քաղաքական եւ բիզնես գործարքներ կնքել իշխանության հետ:
Այնուհետեւ սկսվեց ընդդիմության նոր փողոցային պայքարը. դեմքերը հիմնականում չէին փոխվել, եւ դա կանխորոշում էր ավելի անփառունակ վախճան: Այդպես օր օրի Նիկոլ Փաշինյանն ամրապնդում է իր իշխանությունը, իսկ Հայաստանը կորցնում է ինքնիշխանության տարրերը արկածախնդիր արտաքին քաղաքականության պատճառով:
Արցախում տեղի ունեցած վերջին իրադարձություններից հետո ընդդիմությունը նույն դեմքերով նորից հարթակ բարձրացավ եւ այս անգամ ավելի մեծ անհաջողություն կրեց:
Երբ նրանց հարցնում ես, թե ինչու այսքանից հետո չեն լքում հարթակը, պնդում են, թե մնացած ընդդիմադիր ուժերը չունեն իշխանափոխության հնարավորություն եւ պատրաստակամություն:
Արտախորհրդարանական ընդդիմության անտեսմամբ շարունակական է մնում ոչ միայն խորհրդարանական ընդդիմությունը, այլ նաեւ իշխանությունը:
Ամենալավ ինքնախոստովանականը տվեց Վազգեն Մանուկյանը. «Այսօր ժողովրդի մեծ մասը մեր կողմից չէ, բայց ճնշող մեծամասնությունը Նիկոլին դեմ է»:
ՏԻՄ ընտրություններում իշխանություններին պարտության են մատնել հիմնականում այն ընդդիմադիր ուժերը, որոնք կապ չունեն խորհրդարանական ընդդիմության հետ կամ էլ տարանջատվել են նրանցից:
Երեւանի ավագանու ընտրությունները անվստահության արտահայտություն էր ոչ միայն իշխանություններին, այլ նաեւ ընդդիմադիր դաշտին. արձանագրվեց, որ հասարակության հիասթափությունն ահագին է:
Արտախորհրդարանական այն ընդդիմադիր ուժերը, որոնք չեն մարմնավորում իշխանությունների «ներկան» եւ խորհրդարանական ընդդիմության «անցյալը», թեեւ փոքր ռեսուրսներով, պետք է միավորվեն հավասարակշռված օրակարգի շուրջ եւ ամեն ինչ անեն, որ Նիկոլ Փաշինյանի հեռացումը տեղի ունենա անցնցում: Հակառակ դեպքում մենք կդառնանք իշխանություն-ընդդիմություն տանդեմի նկրտումների եւ արկածախնդրությունների զոհը:
Երեւանի ավագանու ընտրություններից առաջ հրապարակված «Կարգին Հայկոն կհամախմբի՞ քաղաքական ուժերին» իմ սյունակի վերջաբանը շատ արդիական է ներկայիս իրավիճակի համար. «Մեր քաղաքական դաշտին արտախորհրդարանական նման միությունը կամ դաշինքը վաղուց անհրաժեշտ է, քանի որ հասարակությունը հոգնել է խորհրդարանական ուժերի անշարժ «տեղաշարժերից», ինչից հաջողությամբ օգտվում է Փաշինյանը»:
Արմեն Մկրտչյան