Իրանի իսլամական խորհրդարանի արտաքին քաղաքականության եւ ազգային անվտանգության հարցերով կոմիտեի փոխնախագահ Շահրիար Հեյդարին ParsToday–ին տված հարցազրույցում հայտարարել է, որ տարածաշրջանը եղել եւ մնում է հայկական, թեեւ մարդիկ հարկադրված հեռացել են Լեռնային Ղարաբաղից։ Հեյդարին ընդգծել է, որ Երեւանը ստիպված է եղել հանձնել Լեռնային Ղարաբաղը, քանի որ Բաքուն գերազանցում էր ռազմական առումով։ Նա Ղարաբաղը Հայաստանի եւ Ադրբեջանի համար ներկա պահին վիճահարույց տարածք է անվանել։ Իրանցի պաշտոնյան շեշտել է, որ Թեհրանն ուզում է Հայաստանի եւ Ադրբեջանի խնդիրները լուծվեն երկխոսության շրջանակում։
Հեյդարին հավելել է, որ նախկինում Հայաստանի զբաղեցրած տարածքները, որոնց մեծ մասը պատկանում էր Ադրբեջանին, Բաքուն վերցրել էր մինչեւ վերջին սրացումը, սակայն եթե Ադրբեջանը շարունակի նույն ուղեգիծը, դեռ երկար տարիներ ստիպված կլինի ներքաշվել Իսրայելի, Թուրքիայի եւ ԱՄՆ–ի պարտադրած պատերազմների մեջ։ Շահրիար Հեյդարին հավելել է, որ արտատարածաշրջանի ուժերը ձգտում են նոր միջանցքներ բացելու, շահագործելու տարածաշրջանի ռեսուրսները եւ աշխարհաքաղաքական առումով Եվրոպային միանալու համար օգտագործում են Բաքվին։