Երեւանի Խաչատուր Աբովյանի անվան Պետական անկավարժական համալսարանի համաշխարհային պատմության ամբիոնի վարիչ, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Խաչատուր Ստեփանյանն անդրադարձել է Արցախի պետական համալսարանի՝ ՀՀ-ում պահպանելու հարցին:
Սրա մասին արդեն խոսել են մի շարք հեղինակավոր անձինք՝ պրոֆեսորներ, դոցենտներ, որոնք պատրաստ են անվարձահատույց կանգնելու Արցախի համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմի կողքին:
Ստեփանյանը նշել է, որ Արցախի պետհամալսարանն այս պահին չպետք է դիտարկել սոսկ որպես ուսումնական հաստատություն։ Հարցը քաղաքական լուծում է պահանջում։ Բայց նա կարծում է, որ ՀՀ իշխանությունները չեն ուզենա գնալ համալսարանի պահպանմանը։
Պրոֆեսոր Ստեփանյանը համոզված է՝ Արցախի պետական համալսարանը խորհրդանիշ է, որի շուրջը պետք է համախմբված պահել Արցախից բռնի տեղահանված մտավորականությանը, արցախցի ուսանողներին։ «Նաեւ Արցախի պետական համալսարանի շուրջն է խմորվելու Արցախի ազատագրական պայքարը»,- ընդգծում է պրոֆեսորը։
Նա կոչ է անում բոլորին՝ բարերարներին, հիմնադրամներին, անհատներին միավորել ջանքերը եւ ամեն ինչ անել, որ ՀՀ Կառավարությունը համաձայնի Հայասատանում շենքային պայմաններ ապահովել Արցախի պետական համալսարանին:
Ստեփանյանը զգուշացնում է, որ Արցախի պետական համալսարանի ուսանողությանը եւ դասախոսական կազմի մի մասին տարրալուծելով Հայաստանի բուհերի մեջ՝ կփոշիացնենք տասնամյակների հետեւողական եւ քրտնաջան աշխատանքի արդյունք մի ազգային արժեք։
«Գիտեմ, հիմա կարող եք ասել, որ փոշիացրինք Արցախի Հանրապետությունը, Արցախը, համալսարանն ինչ է, որ չփոշիանա։ Ո՛չ, Արցախի պետական համալսարանը կարող է լինել այն մերանը, որից կրկին նոր բան ենք ստանալու»,- ընդգծել է պրոֆեսորը։