Զարինեենց Ստեփանակերտի տնից դհոլի ձայն էլ չի լսվի, հարեւաններն էլ 14-ամյա Նարեկին չեն ոգեւորի, թե լավ է նվագում, պետք է շարունակի։ Բռնի տեղահանման ժամանակ Նարեկն իր սիրելի երաժշտական գործիքն էլ է ցանկացել վերցնել, բայց ստիպված թողել է։
«Ասացի՝ չէ՛, տեղ չկա․ դրա փոխարեն մի տաք վերմակ վերցնենք․ չգիտենք՝ որտեղ կգիշերենք։ Մեր ուրախությունն էլ, նվագն էլ, լավ օրերն էլ մնացին Արցախում։ Երբ 36 ժամ Հայաստանի ճանապարհին էինք՝ ժամերով խցանման մեջ, գիշերվա ցրտին այդ վերմակն էր տաքացնում երեխաներիս»,- պատմում է Նարեկի մայրը՝ Արցախից բռնի տեղահանված Զարինե Սառաջյանը։
Զարինեն Արցախի պետական համալսարանի երկարամյա աշխատակից է եղել։ Բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ Զարինեի աշխատանքային գործունեության մեծ մասն անցել է համալսարանում։ Գրականություն է դասավանդել, նաեւ զբաղեցրել է բուհի լրատվության եւ հանրային կապերի բաժնի պետի պաշտոնը։
«Լավագույն հիշողություններս կապված են համալսարանի եւ իմ ուսանողների հետ։ Երբ պաշտպանեցի թեկնածուականս ու ստացա դոցենտի կոչումս, թվում էր՝ ամենադժվարը հաղթահարել եմ»,- ասում է Զարինեն։
Ընտանիքի երազանքներից մեկն էլ տուն ունենալն էր։ 2019-ին Ստեփանակերտում բնակարան են ստացել, բայց այդպես էլ չեն հասցրել վայելել։ Ամիսներ անց սկսվել է 44-օրյա պատերազմը։ Դա էլ են հաղթահարել՝ հավատով, որ իրենք միշտ Արցախում են լինելու։
«Մենք շատ մեծ երազանքներ ունեինք, դրանք կապված էին Արցախի հետ։ Երբեք չենք մտածել, որ կապրենք Արցախից դուրս։ Աղջիկս բարձր միավորներով հանձնել էր միասնական քննությունները․ երբ կարող էր ՀՀ ցանկացած բուհում հավակնել անվճար տեղերի, նախընտրեց Արցախի պետական համալսարանը։ Ամուսինս 28 տարի է՝ ծառայում է հայրենիքին, մինչեւ վերջին պահը պայքարեց, հիմա դեռ կատարվածից ուշքի չենք գալիս»։
Զարինեն տան բանալիները պահում է, միշտ ասել է՝ դուրս չի գալու Արցախից, մինչեւ վերջ լավատեսությամբ է լցված եղել։ Բայց տեղահանվել են՝ անգամ չհասցնելով հարազատների շիրիմներին այցելել։ «Շրջափակման օրերին էլ մտածում էի, որ ժամանակավոր դժվարություն է․ կհաղթահարենք ու կվերադառնանք բնականոն կյանքի։ Այդ ընթացքում մենք տեսանք իրական դժոխքը։ Ռմբակոծության ժամանակ պահեր են եղել, որ երեխաներիս գրկել եմ ու մտածել՝ վերջ․․․ Կորցրել ենք շատ հարազատ մարդկանց։ Հիմա փորձում եմ ուժեղ լինել, չլացել, որովհետեւ լացը թուլացնում է»։
Տարիների աշխատանքի արդյունքում ձեռք բերածը Զարինեի ընտանիքը րոպեների ընթացքում է կորցրել, բայց փորձում է չհուսահատվել՝ գոնե ողջ են մնացել, փրկվել դժոխքից։
«Երբ կամուրջն անցանք, հասանք Կոռնիձոր, մեր հայրենակիցներն այնքան ջերմ դիմավորեցին, որ հուզմունքից արցունքներս չէի կարողանում զսպել։ Զգացինք, որ ոտք դրեցինք մայր հայրենիքում։ Գիտակցումը, որ արդեն շրջապատված ես հայերով, անբացատրելի է․ երջանիկ պահ էր դա։ Այդ սերը, հոգատարությունը, ջերմությունը անկրկնելի էներգիա էին տալիս»,- պատմում է Զարինեն՝ չմոռանալով շնորհակալություն հայտնել բոլորին, ովքեր այս ընթացքում արցախահայերին աջակցող ծրագրեր են անում։
Նոր իրականությանը դժվարությամբ են հարմարվում, բայց չեն հուսահատվում։ «Երբ Արցախի բարբառով խոսող մարդ եմ տեսնում, մոտենում եմ, սկսում հետը խոսել, կարծես Արցախն եմ տեսնում։ Գոնե, եթե հնարավոր լիներ արցախցիներով միասին ապրել մի բնակավայրում, էլի ինչ-որ չափով կսփոփեինք միմյանց։ Հիմա ամեն ինչ կորցրած, փոթորկի բերանն ընկած ճղակոտոր ծառի պես ենք. պտուղները՝ մի կողմ, տերեւները՝ մի կողմ, ճյուղերը՝ մի կողմ… Բայց ծառը պիտի նորից ծաղկի, պտուղ տա․ կոտրվելու իրավունք չունենք»,- ասում է Զարինեն։
Այժմ ընտանիքը բնակարան է վարձակալել Երեւանում։ Ամսավճարը 250 հազար դրամ է։ Ամուսիններն աշխատանք են փնտրում։ Աղջիկը՝ Նանեն, Երեւանի պետական համալսարանում կշարունակի կրթությունը, տղան՝ դպրոցում։ «Մեր ունեցած խնայողություններով ու պետության ցուցաբերած 100-հազարական դրամով նախնական վարձը տվեցինք, հետո չգիտենք՝ ոնց պիտի ապրենք, բնակվարձերը շատ են բարձրացել։ Մի քանի տեղ աշխատանքի ընդունման դիմումներ ենք ներկայացրել, սպասում ենք պատասխանի»։
Զարինեն ասում է՝ այժմ կարճաժամկետ նպատակներ ունեն՝ առաջնային կենցաղային խնդիրները լուծել, հետո կմտածեն մնացածի մասին։ «Ապագան դեռ չեմ տեսնում․ ամեն ինչ կորցրած մարդը ապագային ո՞նց պիտի նայի։ Միայն ինքս ինձ շուտ-շուտ ասում եմ՝ չպիտի կոտրվեմ, պիտի շարունակեմ ստեղծել, արարել, ապրել ու ապրեցնել»։
Լրագրությունը որպես մասնագիտություն ընտրելիս հավատացած էի` այն կարող է աշխարհը փոխել: Հիմա մտածում եմ` գուցե աշխարհը փոխել չստացվի, բայց որոշ դեպքերում իրավիճակ փոխել հնարավոր է: