ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հոկտեմբերի 11-ին հանդիպել է ԱՄՆ Կովկասյան բանակցությունների հարցերով ավագ խորհրդական, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Լուիս Բոնոյի հետ:
Անդրադարձել են Հարավային Կովկասում տեւական խաղաղության եւ կայունության հաստատման, Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացին:
Արարատ Միրզոյանն ընդգծել է ՀՀ տարածքային ամբողջականության, ինքնիշխանության նկատմամբ ոտնձգությունների զսպման, իսկ Ադրբեջանի կողմից դրանց բացակայության հավաստման պարագայում՝ այդ երկրի կողմից խաղաղության գործընթացում կառուցողական ներգրավվելու անհրաժեշտությունը:
Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաեւ Լեռնային Ղարաբաղի 100 հազարից ավելի բռնի տեղահանված հայերի համար առկա հումանիտար մարտահրավերների եւ իրավունքների հասցեագրման շուրջ:
Արարատ Միրզոյանը շեշտել է, որ Լեռնային Ղարաբաղը փաստացի ենթարկվել է էթնիկ զտման՝ ի հեճուկս միջազգային գործընկերների, այդ թվում՝ ԱՄՆ բազմաթիվ հասցեական կոչերի: Նախարարն ընդգծել է, որ 21-րդ դարում ԼՂ ժողովրդի՝ իրենց հայրենիքից զանգվածային տեղահանման կանխման ձախողումը հերթական անգամ վկայում է նման իրավիճակներում միջազգային դերակատարների կողմից հստակ քայլերի անհրաժեշտության մասին: