Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը ԱՊՀ անդամ երկրների ԱԱԾ եւ ՆԳՆ պետերի հետ հանդիպմանն անդրադարձել է հայ-ադրբեջանական հարաբերություններին եւ խաղաղության բանակցություններին։ Նա նշել է, որ հոկտեմբերի 12-ին Մոսկվայի առաջարկով Բիշքեկում պետք է անցկացվի Ռուսաստանի, Ադրբեջանի եւ Հայաստանի արտգործնախարարների հանդիպումը։ Ալիեւը նշել է, որ Բաքվում դրական են ընդունել այս առաջարկը, եւ Բայրամովը պատրաստ է հանդիպելու իր ռուս եւ հայ գործընկերների հետ։ Ցավոք, հայկական կողմը հրաժարվեց այս հանդիպումից։
«Հիմա հարց է առաջանում՝ Հայաստանը խաղաղություն ուզո՞ւմ է։ Կարծում եմ՝ ոչ, քանի որ եթե խաղաղություն ցանկանար, չէր հրաժարվի այս հնարավորությունից»,- հայտարարել է Ադրբեջանի նախագահը:
Նա ընդգծել է, որ Հայաստանի վարչապետը 6 ժամով թռչում է Գրանադա, որտեղ անհասկանալի հանդիպմանը քննարկվում է Ադրբեջանը առանց Ադրբեջանի, բայց նա 2-3 ժամով Բիշքեկ չի կարողանում թռչել․ կարեւոր գործեր ունի։ «Սա այն է, ինչ բոլորս պետք է բացահայտ ասենք։ Սա տեսնում են բոլորը, ու սրանից պետք է եզրահանգումներ անել»,- նշել է Ալիեւը: