Ժնեւում ընթացող Միավորված ազգերի կազմակերպության Մարդու իրավունքների խորհրդի 54-րդ նստաշրջանի շրջանակում ՄԱԿ-ի անդամ 34 երկրներ հոկտեմբերի 11-ին հանդես են եկել համատեղ հայտարարությամբ: Փաստաթղթում մտահոգություն են հայտնել Լեռնային Ղարաբաղում մարդասիրական եւ մարդու իրավունքների ծանրագույն ճգնաժամի կապակցությամբ։ Համատեղ հայտարարությունն ընթերցել է ՄԱԿ-ի Ժնեւի գրասենյակում Ֆրանսիայի մշտական ներկայացուցչությունը։
Փաստաթղթում նշվում է, որ հայ ազգաբնակչության զանգվածային տեղահանումն իրենց տներից եղել է Ադրբեջանի կողմից սեպտեմբերի 19-ին իրականացված ռազմական գործողության, ինչպես նաեւ Լաչինի միջանցքի՝ ինն ամիս շարունակվող արգելափակման հետեւանքով։
Համատեղ հայտարարության հեղինակները համաձայնություն են հայտնել Մարդու իրավունքների հարցերով ՄԱԿ-ի բարձր հանձնակատար Վոլկեր Տյուրքին, որ անհրաժեշտ է անհապաղ, անկախ եւ թափանցիկ հետաքննություն անցկացնել Լեռնային Ղարաբաղում գրանցված մարդու իրավունքների եւ միջազգային մարդասիրական իրավունքի խախտումների վերաբերյալ։ Նրանք նաեւ համոզմունք են հայտնել, որ Բարձր հանձնակատարի գրասենյակլը պետք է մշտադիտարկում անցկացնի Լեռնային Ղարաբաղում, հանդիպի Հայաստան տեղահանված փախստականների հետ եւ դրա մասին զեկուցի Մարդու իրավունքների խորհրդին։ Երկրները պատրաստակամություն են հայտնել դիտարկելու Մարդու իրավունքների խորհրդում հետագա այլ քայլերի իրականացման հնարավորությունը։
Հայտարարությունում Ադրբեջանին կոչ է արվում անհապաղ ստեղծելու պայմաններ՝ կամավոր, անվտանգ, արժանապատիվ եւ մշտական վերադարձ ապահովելու այն անձանց համար, որոնք կցանկանան վերադառնալ Լեռնային Ղարաբաղ, իրականացնել Մարդու իրավունքների Եվրոպական դատարանի 2023-ի սեպտեմբերի 22-ի միջանկյալ որոշման դրույթները, ինչպես նաեւ Արդարադատության միջազգային դատարանի 2021-ի դեկտեմբերի 7-ի, 2023-ի փետրվարի 22-ի եւ 2023-ի հուլիսի 6-ի որոշումները եւ երաշխավորել հայկական կրոնական եւ մշակութային ժառանգության պաշտպանությունը։