ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը գործարկում է պաշտոնական նոր կայքէջ, որում ընդգրկված են զբաղվածության, ժողովրդագրական իրավիճակի բարելավման, բնակարանային ապահովության եւ պետական աջակցության բոլոր ծրագրերը։
Կայքում կարելի է ծանոթանալ նաեւ երեխաներին, տարեցներին, հաշմանդամություն ունեցող, ինչպես նաեւ մարդկանց թրաֆիքինգի եւ ընտանեկան բռնության ենթարկված անձանց համար պետության ֆինանսավորմամբ եւ հասարակական կազմակերպություններին պատվիրակման միջոցով մատուցվող ծառայություններին։
Նոր կայքէջում աշխատանքի եւ սոցիալական պաշտպանության ոլորտին առնչվող տեղեկությունն ավելի հեշտ է գտնել պարզ, համակարգված եւ մատչելի մատուցման շնորհիվ։
Կայքի այցելուն կգտնի նախարարության թափուր հաստիքները, մրցույթները, հայտարարությունները, կծանոթանա նախարարության բյուջեին, հաշվետվություններին, տեղեկություն ստանալու համար հարցում ներկայացնելու կարգին եւ այլն։
Առանձին պատուհաններով ներկայացված են նաեւ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց աջակցության հարթակները՝ վերջիններիս կարիքների հաշվառման, զբաղվածության ապահովման, տեղահանված անձանց աջակցությանն ուղղված ռեսուրսների քարտեզագրման, կամավորների հավաքագրման համար։