Բազմիցս նշել ենք, որ Նիկոլ Փաշինյանի կառավարությունը գործում եւ առաջնորդվում է կարճաժամկետ տրամաբանությամբ, պահի ազդեցությամբ եւ հընթացս ի հայտ եկած տարերային գործոնների թելադրանքով։
Այսինքն՝ չկա հստակ մշակված, երկարաժամկետ քաղաքական ուղղություն, ինչպես նաեւ բացակայում են ծրագրային հետեւողականությունը, աշխարհայացքային դիրքորոշումները եւ ընդհանրապես ռազմավարական հայեցակարգերը։
Փոխարենը տիրապետող է լղոզված եւ անսկզբունք պրագմատիզմը, ինչն էլ Հայաստանի արտաքին քաղաքականությունը դարձնում է անշարժ ու քարացած, պատրաստ՝ հարմարվելու ցանկացած շրջադարձի ու փլուզման։ Մեծ հաշվով ՀՀ ԱԳՆ-ի միակ առաքելությունը անլսելի արձագանքն է ու լրահոսում անհետացող հայտարարությունների տարածումը։
Հայաստանին չեն լսում, իսկ գոյությունն էլ նկատելի է միայն այն ժամանակ, երբ նրան ասելու եւ ինչ-որ բան պարտադրելու անհրաժեշտություն կա։
Ընդամենը շաբաթներ առաջ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անկախության եւ ինքնիշխանության պաշտպանության պայքար էր նախաձեռնել՝ սուր քննադատության ենթարկելով դաշնակիցներին, մասնավորապես՝ Ռուսաստանին։
Առաջին հերթին ծրագրային թվացող այս շարժումը բորբոքեց եւ ուժեղացրեց հակառուսական հիստերիայի տարածումը։ Արեւմտամետ հորջորջվող պրոպագանդիստները մեկը մյուսին հերթ չտալով, տեղից տեղ ցատկելով խոսում էին ՀԱՊԿ-ից դուրս գալու եւ աշխարհաքաղաքական կողմնորոշումը փոխելու հրատապության մասին։ Իբր, ատելի Ռուսաստանին տարածաշրջանից վռնդելու բաղձալի պահը չափազանց մոտ է, եւ Հայաստանը Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ վերջապես կվերագտնի իր անկախությունն ու կամրապնդի ինքնիշխանությունը։
Բայց տոնախմբությունը կարճ տեւեց, արեւմտամետների բալ-մասկարադն ընդհատվեց վարչապետ Փաշինյանի Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցով։ Նա հանգիստ, չտատանվող ինքնավստահությամբ Պետրոս Ղազարյանին բացատրեց բոլոր նրբությունները՝ հորդորելով չշփոթել խնդիրները։
Փաշինյանը նշեց, որ իրենք չեն պատրաստվում աշխարհաքաղաքական վեկտոր փոխելու, 102-րդ բազայի եւ սահմանապահ ուժերի հեռացման հարցը չի քննարկվում, իսկ տնտեսվարողներին էլ առաջարկեց հետեւել իրենց արտադրանքի որակին, որ Լարսում խնդիրներ չառաջանան։ Եվ ամենակարեւորը՝ Փաշինյանի տեսքն ու խոսքը չէին համապատասխանում ինքնիշխանության եւ անկախության հանրահայտ մարտիկների խառնվածքին։
Պետրոս Ղազարյանի դիմաց Հո Շի Մինը կամ էլ Ֆիդել Կաստրոն չէր նստած, այլ կապիտալիզմի արեւելյան պերիֆերիայի անկարեւոր մի չինովնիկ, որը, հարթակից հարթակ ցատկելով, փորձում է գազամուղների եւ երկաթգծերի արանքում ինչ-որ փրկություն եւ հանգստություն գտնել։
Ասվածից ամենեւին էլ չպետք է ենթադրել, թե Նիկոլ Փաշինյանի անկախության պայքարը մեռած է, եւ Արամ Սարգսյանը, Հովսեփ Խուրշուդյանը, Ստյոպա Սաֆարյանը, Լեւոն Շիրինյանն ու Արման Բաբաջանյանն այլեւս անելիք չունեն այդ ճակատում։
Ո՛չ։
Անկախությունն ու ինքնիշխանությունը՝ որպես ներքաղաքական մանրադրամներ, այլեւս գործի են դրված։ Ըստ անհրաժեշտության եւ պատեհության` դրանք ամեն պահի կարող են վերակենդանացվել ու խաղարկվել։ Նիկոլ Փաշինյանն էլ մեծ հաշվով դեմ չէր լինի դիրքավորվել հակառուսական եւ անկախական պայքարի հիպոստասում, բայց նա, ի տարբերություն արեւմտամետ պրոպագանդիստների, շատ լավ հասկանում է, որ այս պահի դրությամբ քաղաքական այդ ուղղությունը չունի հաջողության հասնելու որեւէ հնարավորություն։
Փաշինյանը նաեւ հասկանում է, որ Արցախն ագրեսիայի ենթարկվեց ու հայաթափվեց նաեւ Արեւմուտքի գործուն մասնակցությամբ։ Ավելի շուտ դրա ապամոնտաժումը միջազգային լուռ եւ չհայտարարված կոնսենսուսի հետեւանք էր։
Հայաստանի վարչապետը նաեւ հասկանում է, որ Արեւմուտքը չի պատրաստվում գործուն ռազմաքաղաքական օգնություն եւ սպառազինություն տրամադրելու, եւ Հայաստանն, ամենայն հավանականությամբ, միայնակ է մնալու Ադրբեջանի ու Թուրքիայի ագրեսիայի դեմ։
Ֆրանսիական զրահապատ մեքենաները ռուսական ՈՒԱԶ-ների փոխարեն չեն ապահովելու ՀՀ սահմանների անվտանգությունը։
Բայց Փաշինյանի հասկացողության հիմքը քաղաքականությունը չէ, այլ անզորությունը։ Նա ինչպես միշտ մի քանի քայլ հետ է կանգնած Ալիեւից։ Մինչ Հայաստանի վարչապետը Գրանադայում առանց Ադրբեջանի հայ-ադրբեջանական հաշտություն էր փնտրում, Բաքուն Մոսկվայի, Անկարայի եւ Թեհրանի հետ նոր պայմանավորվածություններ է նախագծում՝ արժեզրկելով արեւմտյան հարթակների ներգործությունը։
Հենց այսօր՝ հոկտեմբերի 11-ին, Ալիեւը երախտագիտության խոսք է հղել Մոսկվային միջնորդական ջանքերի համար, մասնավորապես նշելով հետեւյալը․ «Ռուսաստանի միջնորդությունը մենք գոհունակությամբ ենք ընդունում, քանի որ մեր հարեւանն ու դաշնակիցն է, ինչպես նաեւ Հայաստանի դաշնակիցը եւ գտնվում է մեր տարածաշրջանում՝ ի տարբերություն նրանց, որոնք հազարավոր կիլոմետրեր հեռու են»։
Այս ամենին զուգընթաց վերստին շեշտադրվում է տարածաշրջանի հարցերը տարածաշրջանում լուծելու սկզբունքը, որի առարկայական դրեւորումը 3+3 հարթակի գործարկումն է։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎՓաշինյանը Ռուսաստանին հրավիրում է Հայաստան |
Ակնհայտ է, որ հայ-ադրբեջանական փոխհարաբերությունները չեն կարող Ռուսաստանի, Թուրքիայի եւ Իրանի շահերից ու հետաքրքրություններից դուրս դիտարկվել, իսկ Շառլ Միշելին եւ Բրյուսելյան հարթակին վերապահված է ընդամենը դակել այս եռանկյունուց ճյուղավորվող հիմնական պայմանավորվածությունները։ Ու դա անել ԱՄՆ-ի անբավարար հետաքրքրվածության պայմաններում, քանի որ Վաշինգտոնի համար Հարավային Կովկասն այդպես էլ ռազմավարական կարեւորություն ձեռք չբերեց, եւ նա կարող է եւ բավարարվել միայն Թուրքիայի ազդեցության աճով, ինչպես նաեւ՝ թուրք-ռուսական եւ թուրք-իրանական հավանական մրցակցությամբ։
Թերեւս հենց այս հանգամանքներն են Նիկոլ Փաշինյանին ավելի մեղմ ու զուսպ դարձրել։ Բացի այդ՝ Հայաստանի դեմ հարձակում է նախապատրաստվում, եւ դրա մասին հայտարարեց ԵՄ-ում Երեւանի ներկայացուցիչը։ ԱՄՆ-ը, ԵՄ-ն ու Ֆրանսիան որեւէ քայլ չեն ձեռնարկելու ՀՀ տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը ապահովելու ուղղությամբ, եւ Փաշինյանին մնում է միայն խոսել ռուսների եւ թուրքերի հետ՝ հիշելով Թուրքիայի ԱԳ նախարար Ֆիդանի հայտնի այն խոսքերը, որ.
Արեւմուտքից եկող սխալ խոստումները միայն արցունք ու քաոս են բերելու Հայաստանին։
Շարադրանքից ամենեւին էլ չպետք է ենթադրել, թե Հայաստանը չի կարող խորացնել եւ զարգացնել հարաբերությունները ԱՄՆ-ի ու ԵՄ-ի հետ։ Ընդհակառակը, այդ կապերը պետք է նոր որակ ստանան, բայց առանց տարածաշրջանային տերությունների շահերի հետ հակասության մեջ մտնելու։
Հայաստանը չպետք է աշխարհաքաղաքական խաղերի եւ աստղային պատերազմների թատերաբեմ դառնա, ինչը Փաշինյանը գիտակցում է միայն անզորությունից դրդված, բայց նպաստավոր առիթի դեպքում նորից հին արկածախնդրությանը վերադառնալու ձգտումով։
Լրագրող, հրապարակախոս։ Գրում է քաղաքականության մասին, հետաքրքրությունների շրջանակում են՝ բարոյագիտությունը, կրոններն ու քաղաքական փիլիսոփայությունը։