Գերմանական Bild պարբերականը գրում է, որ վերջին օրերին Բեռլինի ոստիկանությունը հսկում է քաղաքի փողոցները՝ ներկելով հակաիսրայելական եւ հակահրեական կարգախոսները, որոնք բազմապատկվում են Իսրայելի հակամարտության հետնապատկերում։ Նման կարգախոսներ հատկապես շատ են Բեռլինի Նոյկյոլն շրջանում, որը համարվում է պաղեստինցի աջակիցների կենտրոնը։ Այնտեղ ձերբակալվել են երեք կասկածյալներ՝ անօրինական գրաֆիտիներ ստեղծելու համար։ Սփրեեի ափին գտնվող Բեռլինի պատի մի հատվածի վրա, որը հայտնի է որպես East Side Gallery, հայտնվել է նաեւ Kill Juden մակագրությունը եւ հինգ սվաստիկա: Հարուցվել է քրեական գործ:
Նույն օրը Բեռլինի ոստիկանությունը, նախապես տեղեկանալով դպրոցականների՝ հակաիսրայելական ցույցի մասին, արգելել է այն։ Ըստ BILD պարբերականի՝ մոտ 150 իրավապահներ ցուցարարներին թույլ չեն տվել կախել Պաղեստինի դրոշը, անչափահասներից խլել են թռուցիկներն ու նրանցից մի քանիսին բերման ենթարկել։ Նախօրեին Բեռլինի դպրոցներից մեկի մարզադահլիճ է մտել պաղեստինյան դրոշով դպրոցականն ու «Ալլահ ակբար» բղավել: Աշակերտին փորձել է սաստել ուսուցիչը: Տղային աջակցել են համադասարանցիները, եւ հոկտեմբերի 11-ին գնացել են հանրահավաքի` բղավելով «Ազատություն Պաղեստինին» կարգախոսը:
Իսկ Ֆրանսիայում ոստիկանությունը ցրել է Պաղեստինի աջակցության ցույցը:
Նախօրեին եվրոպացի առաջնորդները հանդես են եկել ի պաշտպանություն Իսրայելի՝ միեւնույն ժամանակ նշելով Գազայի լիակատար շրջափակման անթույլատրելիության մասին։