Գերմանական Միջազգային հարաբերությունների ինստիտուտի աշխարհաքաղաքականության եւ Մերձավոր Արեւելքի անվտանգության փորձագետ Համիդրեզա Ազիզիի կարծիքով՝ իրանցի քաղաքական գործիչները հիմնականում մտահոգված են տարածաշրջանում Ադրբեջանի աճող ազդեցության աշխարհաքաղաքական հետեւանքներով:
Բրիտանական Middle East Eye-ը գրում է, որ ԽՍՀՄ-ի փլուզումից ի վեր Իրանը եւ Ռուսաստանը մշտապես դիրքավորվել են որպես առաջատար խաղացողներ Հարավային Կովկասի տարածաշրջանում։
Սակայն այժմ Թուրքիան եւ Իսրայելը, որոնք դարձել են Ադրբեջանի հիմնական ռազմաքաղաքական աջակիցները, որակական փոփոխություններ են նախաձեռնում ստեղծված տարածաշրջանային կարգում։
«Աշխարհատնտեսական տեսանկյունից Իրանի գլխավոր մտահոգությունը ներկայում Զանգեզուրի միջանցքի նախագծի հնարավոր իրագործումն է»,- ասել է Ազիզին Middle East Eye-ին տված հարցազրույցում։
Ինչպես նշում է պարբերականը, ե՛ւ Թուրքիան, ե՛ւ Ադրբեջանը չեն թաքցնում իրենց հետաքրքրությունը Զանգեզուրի միջանցքի բացման հարցում, ինչը կարող է բացասական հետեւանքներ ունենալ նաեւ Իրանի համար։