— Արցախն է՛լ չկա,- 65-ամյա Նարեկը ձեռքի մեջ ճմռում է վերմակի փաթեթը։
Երկու օր առաջ նա եկել էր սահմանամերձ Տեղ գյուղ՝ հարազատներին տեսակցելու, իսկ այժմ ինքնաբուխ կազմավորված կենտրոնում մարդասիրական օգնություն է ցուցաբերում։
Նարեկն ուշադիր հետեւում է, թե ինչպես է կամավորը լրացնում ձեւաթուղթը, եւ երբ հասնում են գրանցման վայրին, ձեռքն ինքնաբերաբար պարզում է հեռվում երեւացող գորշ սարերի կողմը։
— Ես ամբողջ կյանքում հայ եմ եղել, հիմա գնչու եմ,- ասում է նա ու ժպտում, բայց հոգնած աչքերում ժպիտը երկար չի մնում։
Ճամփեզրի գազալցակայանի խանութի մոտ կանգնած են մի քանի մեքենաներ՝ բեռնված պարկերով ու պայուսակներով։ Դրանցից մեկում տարբեր տարիքի չորս երեխաներ մթության մեջ պաղպաղակ են ուտում։ Վարորդը՝ քսանն անց մի տղա, դիմախաղով մերժում է օգնության առաջարկը։ Այդտեղ՝ հենց գետնին նստած երկու կին նայում են երեխաներին, կարծես ուզում են հիշել նրանց։
Կոռնիձորի անցակետում մեքենաների, տրակտորների, ավտոբուսների խցանում է։ Մարդիկ, որոնք իջել են իրենց մեքենաներից, քայլում են դեպի БМП-ի կմախքի կողքին գտնվող բլուրը եւ նայում են այն ուղղությամբ, որտեղից եկել են։ Կամավորները սնունդ ու ջուր են բաժանում, ոստիկանները փորձում են կարգավորել երթեւեկությունը:
85-ամյա Կրոմվելը կանգնած է՝ հենված մի սեւ մեքենայի վրա, որի տանիքին թաղանթապատ հսկայական կապոցներ են։
— Հաց պետք չի, միայն…- հիշում է «ծխախոտ» բառը։ Կրոմվելը լուցկիով ծխախոտ է վառում:
— Մեծ մարդ եմ, լավ գիտեմ Ռուսաստանի պատմությունը,- նրա աչքերը փայլում են գլխարկի հովարի ստվերում:
— Պուտինը դավաճանեց մեզ,- հազիվ լսելի շշնջում է,- իսկ ռուսները մեր եղբայրներն են:
Նրա դուստրը գալիս է՝ ձեռքին վաֆլի, թխվածք եւ ջուր։ Կրոմվելին վաֆլի է տալիս ու շարունակում քայլել մեքենաների շարասյան երկարությամբ։ Կրոմվելն ափի մեջ պահում է վաֆլին ու դառնում շփոթված, փոքր:
-Ամբողջ օրը չենք կերել: Շնորհակալություն։ Վերցրո՛ւ, վերցրո՛ւ,- մեկնում է վաֆլին:- Վերցրո՛ւ, վերցրո՛ւ, շնորհակալություն։ Ես քեզ սիրում եմ՝ ասում է ու սկսում ուտել:
-Արա՜, արա՜,- ոստիկանները բղավում են ու ձեռքի շարժումներով կանգնեցնում մեքենան, որը սլանում է ճանապարհի եզրով՝ փորձելով շրջանցել խցանումը:
50-ամյա Նարինեն գնում է դեպի մեքենան եւ վերադառնում էժան, հասարակ շրջանակի մեջ դրված Աստվածածնի տպագիր սրբապատկերը ձեռքին.
-Ա՛յ թե ով է օգնել ինձ, սա հնագույն սրբապատկեր է։
Նարինեն, ինչպես շատերը, սողացող մեքենաների այս շարասյան մեջ չգիտի՝ ուր է գնալու:
-Միայն մառախուղը մեզ փրկեց,- ասում է 43-ամյա Մաշտոցը։- Շոշափելով ենք քշել, բայց ոչինչ։ Ամեն ինչ պրծած է։ Հիմա պետք է ապրել, ապրել առանց հպարտության: Գնա տատի հետ խոսի՛ր,- ծխախոտի մի քուլա է ներս քաշում ու բացում մեքենայի դուռը:
Փաթեթներով լցված սրահի մթության մեջ նստած է 100-ամյա Սոնան։ Նա մի փոքր դողում է եւ շարֆի ծայրը մոտեցնում արցունքոտ աչքերին։ Թվում է՝ ոչինչ չի տեսնում կամ չի լսում, չի ուզում տեսնել կամ լսել: Ծոռնուհին՝ Անահիտը, նրան խնձոր է տալիս։ Սոնան թռչնի թաթ հիշեցնող ձեռքով վերցնում է ու դնում ծոցը՝ շարունակելով դողալ։
Հեռախոսին SMS է գալիս. «Բարի գալուստ Ադրբեջան: Ձեզ հասանելի…»։ 60-ամյա Ռաֆայելը կանգնած է՝ ճանապարհային նշանին հենված։
-Կռվել եմ, ունեմ, ո՞նց ասեմ, վերքեր…- ցույց է տալիս որովայնը։- Հրամանատարի տեղակալ եմ եղել, ոչինչ չմնաց։ Վերջին պատերազմում երկու որդուս եմ թողել այնտեղի եղբայրական գերեզմանում։ Ինձ բոլորն էին ճանաչում են։ Ես կռվել եմ։
Ռաֆայելը փորձում է ակնոցս։
— Հա, լավ է, հիմա նույնիսկ էն ծառերն եմ տեսնում: Ուրիշը չունե՞ք: Գնանք, գնանք ձին ցույց տամ: Ես դրանով հասա, ուզում էի վաճառել այնտեղ՝ Ղարաբաղում, բայց այստեղ կվաճառեմ, հո ձիով քաղաք չե՞մ գնալու։
Ցածրահասակ մի կին դեռահաս աղջկա հետ մոտենում է Ռաֆայելին եւ նրան տանում Կարմիր խաչի վրանը։
40-ամյա Լիանան ամուսնու՝ Մանվելի հետ եկել է իրենց հարեւան Արծվիկի տրակտորի կցասայլով։ Արծվիկը վատ է լսում եւ ծանր լսող շատ մարդկանց պես խոսում է բարձր։
-Խնդիր չկա,- պատասխանում է, երբ խնդրում եմ իրենց հետ մեկնել սահմանամերձ հայկական Գորիս քաղաք:- Բայց նախ կե՛ր, երեք օր բան չենք կերել։
Նրանք նստում են գետնին տրակտորի անիվի մոտ։ Արծվիկը բացում է Կարմիր խաչի վրանից ստացած սննդի տոպրակը։ Հաց, պանիր, թթվասեր, միրգ. Մանվելը հանում է ծռմռված պլաստիկ շիշը.
— Կոնյակ է, մեր հայկականը,- լցնում է իրեն ու կնոջը։
Տրակտորի կցասայլում նստած ենք վերմակի վրա, որը թրջվել է անձրեւից։ Ցուրտ է, բայց ավելի լավ է, քան գետնին: Թվում է, թե կցասայլը կամաց-կամաց թռչում է խցանված ճանապարհի վրայով, սարերի վրայով, լեռնանցքի վրայով։ Թաղանթի տակից մանկական հեծանիվի ղեկ է երեւում։
— Ոչինչ չկար։ Սուրճ չկար, բայց ես սուրճ շատ եմ սիրում։ Սիսեռը չորացնում էինք, տապակում, ծեծում, սուրճի փոխարեն խմում։ Մնաց, ամեն ինչը մնաց՝ հավերը, ճտերը…- Լիանան ոտքերը հավաքում, կծկվում է՝ կա՛մ ցրտից, կա՛մ հուշերից:
Մանվելը նստում է կցասայլի կողին, շարժումներով հայհոյում Արծվիկին, որ գյուղի խանութի մոտ կանգ չառավ։ Մանվելի ծխախոտն էր վերջացել։
Քաղաքում զույգն աշխուժանում է, նմանվում զբոսայգի մտած երեխաների։ Խոսում են խանութներից, սուրճի ապարատներից, բաց սրճարան են փնտրում։ Հասնելով քաղաքի բենզալցակայանին՝ Մանվելը վազում է ու երեք բաժակ սուրճ բերում։ Լիանան ծիծաղում է։
Գորիսի քաղաքային թատրոնի մոտ, որը վերածվել էր տեղահանվածների գրանցման եւ հաշվառման կետի, հերթ է։
Մոտեցող մեքենաներ, ավտոբուսներ, իրերի կույտեր, հոգնաբեկ մարդիկ՝ նստած գետնին, խոտերի մեջ, Կարմիր խաչի կամավորներ, կանչեր, ճիչեր, բարձրախոսով հայտարարություններ. այս ամենը չի տեղավորվում տարածքում եւ, ասես, թափվում է պռնկից՝ լցվելով հարակից փողոցները։
Հրապարակից մեկ շենք այն կողմ՝ Սուրբ Գրիգոր Լուսավորչի եկեղեցում, ժամերգություն է։ Ներսում գրեթե մարդ չկա։ Աղոթքն անդրադառնում է դատարկ պատերից ու չի գալիս դուրս, որտեղ կրկնվում էր աստվածաշնչյան ելքը։
Կամավորական կետ են գալիս երկու քույրեր՝ 39 տարեկան Հասմիկը եւ 46-ամյա Ոսկին։
— Այնքան օգնեց ինձ, երբ շրջափակման մեջ էինք, անընդհատ միասին էինք,- ասում է Հասմիկը եւ շոյում քրոջ ձեռքը։ Ոսկին նայում է մթերքի պայուսակներին։ Հասմիկը շարունակում է.
— Մեզ նորմալ բաց թողեցին։ Բայց երբ եկանք սահման, սկսեցին հաշվել… ադրբեջաներե՛ն… Մենք մի քիչ հասկանում ենք… Ամեն ինչ գլխիվայր շուռ եկավ… Եթե քույրս չլիներ…
Ոսկին վերցնում է մթերքի տոպրակները, շրջվում ու գնում դեպի ելքը, բայց հանկարծ կանգ է առնում.
— Երբ այս ամենն ավարտվի, մենք կվերադառնանք,- ասում է նա սառն ու հաստատակամորեն: Հասմիկը սարսափած նայում է քրոջը։
— Ինձ ուրիշ ծածկոց է պետք,- ասում է տարեց Մալինան:- Ես կապույտն եմ սիրում։ Կամավորը բացատրում է, որ ընտրություն չկա։
— Ես կապույտն եմ ուզում,- Մալինան կանգնում է մուտքի մոտ եւ սպասում: Կամավորները սկսում են տեսակավորել փոստային բաժանմունքում լեռան պես դիզված վերմակները, մինչեւ գտնեն կապույտը:
— Շնորհակալ եմ,- հեռանում է Մալինան:
Հրապարակի վերեւում՝ սարերով շրջապատված խավարի մեջ, մի խաչ է փայլում։ Անձրեւ է սկսվում, խաչը գրեթե անտեսանելի է դառնում։
Մարդասիրական օգնության կայանի հերթի վերջում կանգնած է ժպտացող մի տղա:
— Քանի՞ տարեկան ես։
— Տասնմեկ:
— Հավանաբար չորրորդ դասարանում ես սովորում:
— Ո՛չ, վեցերորդում: Դպրոցը սկսել եմ վեց տարեկանում։ Ես Ստեփանակերտից եմ։
— Ի՞նչ է անունդ։
— Հրեշտակ:
Հրեշտակը մոտենում է կոշիկների տուփերին, իր համար սպորտային կոշիկ ընտրում՝ չդադարելով ժպտալուց։
Գիշերը Վայք քաղաքի մերձակայքում գտնվող ճամփեզրի սրճարանում բոլոր սեղանները զբաղված են։ Երեխաներն ու կանայք պաղպաղակ են ուտում, բլիթներ, ավելի շատ պաղպաղակ, թեեւ գիշերը զով է: Տղամարդիկ տեղափոխվում են սեղանից սեղան, ժպտում, գարեջուր խմում։ Եթե չլինեին խառնիխուռն կայանված բեռնված մեքենաները եւ լուռ կանանց մոխրագույն, հոգնած դեմքերը, կթվար, թե սա քաղաքային ինչ-որ տոնի ավարտն է։ Խոսակցությունների աղմուկի, ամանների չխկչխկոցի մեջ տեղանուններ են լսվում՝ Մարտակերտ, Մարտունի, Ստեփանակերտ։ Սրճարանների սեփականատերերը փողոցում ջրի շշեր են դնում, եւ դրանք գրեթե անմիջապես վերցվում են։
— Ես ուզում եմ, որ ազգեր չլինեն, թող լինի մեկը, թեկուզ ադրբեջանցիք, բայց մեկը,- գորիսցի տաքսու վարորդ Սամվելը փախստականների ընտանիքին Երեւան տանելուց հետո վերադառնում է հայրենի քաղաք։
Լուսանում է, խավարից դուրս են գալիս լեռները:
— Գեղեցիկ է, չէ՞: Հավատացյալ չեմ, բայց նա, ով ստեղծել է այս ամենը, արել է մարդու համար։ Մի հատ սերմ ես գցում, երկուսը ծլում են. ուղղակի ապրի՛ր։ Իսկ մարդիկ փչացնում են ամեն ինչ։ Գիտե՞ս ինչպես կորցրի ոտքս։
Նոր եմ նկատում, որ Սամվելը ծնկից բարձր ձախ ոտք չունի։
— Պատերազմում ես վերջինն էի, եկել էի ընկերոջս թաղելու, հետո վթարի ենթարկվեցի։ Դա իմ մեղքն էր, հարբած էի։ Էլ չգնացի պատերազմ։ Ես կհեռանայի, տաքսի չեմ սիրում, ես շինարար եմ։ Ճի՞շտ է, որ Ֆրանսիայում լքված գյուղեր կան։
Վաղ առավոտից Գորիսի հրապարակ են գալիս զինվորական երկու բեռնատար՝ խաղաղապահների խորհրդանշանով։ Տարեցների ամբոխը խռնվում է բեռնատարի շուրջը՝ փորձելով հնարավորինս արագ ստանալ իրերը:
— Եկե՛ք նրանց քշենք, ինքներս բեռնաթափենք,- խզված ձայնով ասում է ռուս զինվորը։
— Կարիք չկա, իրենք գլուխ կհանեն,- նույնքան խռպոտ պատասխանում է մյուսը:
Ոստիկաններն արգելում են մասնավոր մեքենաների մուտքը հրապարակ։ Լիանան ու Մանվելը վերադառնում են գիշերելու իրենց կցասայլում, որը մնացել էր գազալցակայանում։ Ինձ ճանաչում են ու գլխով անում։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎԿրկնվում էր աստվածաշնչյան ելքը. Իլյա Պիլիպենկոյի ֆոտոպատմությունը |
Գիշերը կոստյումով մի երիտասարդ է գալիս մարդասիրական օգնության բաշխման դատարկ կետ։ Նա անսովոր կոկիկ տեսք ունի։
— Ես ընտանիքի միակ տղամարդն եմ, միակը վարդերի մեջ,- ժպտում է Վրեժը։ Կարմիր, անքնությունից այտուցված աչքերը ջրակալած են։
— Ո՞նց է Ուկրաինայում։ Ձեր եւ մեր հայրենիքի հետ ամեն ինչ լավ կլինի։
Վրեժը լռում է, հետո ասում. «Մեզ ոչինչ պետք չի, միայն վերմակ երեխայի համար»: Ես որդի ունեմ՝ մեկուկես ամսական։ Լավ էր հայրենիքում ծնվեց։
Տեքստը եւ լուսանկարները՝ Իլյա Պիլիպենկոյի
Գորիս-Տեղ-Կոռնիձոր-Վայք
24-29.09.2023