ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը Կառավարության նիստում հայտնել է, որ ԼՂ-ից բռնի տեղահանված 4600 ուսանող միջին եւ բարձրագույն ուսումնական հաստատությունների վճարովի տեղերում սովորելու դեպքում կրթաթոշակ կստանա:
Արցախի բուհերի եւ ուսանողների թեման քննարկելիս Կառավարության նիստում այդպես էլ չեն անդրադարձել Արցախի պետական համալսարանը Հայաստանում պահելու հարցին, որի վերաբերյալ առաջարկ է արել Երեւանի Խաչատուր Աբովյանի անվան պետական անկավարժական համալսարանի համաշխարհային պատմության ամբիոնի վարիչ, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Խաչատուր Ստեփանյանը: Նա նշել է, որ Արցախի պետհամալսարանն այս պահին չպետք է դիտարկել սոսկ որպես ուսումնական հաստատություն։ Հարցը քաղաքական լուծում է պահանջում։
Պրոֆեսոր Ստեփանյանը զգուշացնում է, որ Արցախի պետհամալսարանի ուսանողությանը եւ դասախոսական կազմի մի մասին Հայաստանի բուհերում տարրալուծելու դեպքում կփոշիացնենք տասնամյակների հետեւողական եւ քրտնաջան աշխատանքի արդյունքը։