Ադրբեջանը լրտեսական ծրագիր է օգտագործել որոշ հայ պաշտոնյաների լրտեսելու համար։ Դրա մասին ասված է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի ընդունած բանաձեւում։ Բանաձեւը երկրների կառավարություններին խորհուրդ է տալիս հետաքննություն անցկացնել եւ բացատրություններ ներկայացնել:
ԵԽԽՎ-ի հոկտեմբերի 12-ին ընդունած բանաձեւում նշվում է, որ որոշ անդամ երկրներ չարաշահել են լրտեսական ծրագրերը։ Նրանց թվում է նաեւ Ադրբեջանը։ Ըստ ԵԽԽՎ տվյալների՝ Ադրբեջանի իշխանությունները Pegasus լրտեսական ծրագրի ծառայություններից օգտվել են լրագրողներին, ոչ կառավարական լրատվամիջոցների սեփականատերերին, քաղաքական ընդդիմախոսներին եւ քաղաքացիական հասարակության ակտիվիստներին լրտեսելու համար։
Փաստաթղթում նշվում է, որ դատելով վերջին հաղորդագրություններից՝ Ադրբեջանը լրտեսական ծրագիրը կիրառել է իր սահմաններից դուրս, մասնավորապես Հայաստանում աշխատող 12 մարդու, նրանց թվում՝ Հայաստանի պետական պաշտոնյայի նկատմամբ: