Հոկտեմբերի 12-ին Իսրայել ժամանած ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ ԱՄՆ-ի նոր ռազմական օգնությունն Իսրայելին ճանապարհին է: Բլինքենը հայտարարել է, որ ինքը Իսրայել է եկել ոչ միայն որպես ԱՄՆ պետքարտուղար, այլ նաեւ որպես էթնիկ հրեա:
Նա նաեւ ընդգծել է, որ ԱՄՆ-ը միշտ լինելու է Իսրայելի կողքին։ «Քանի դեռ Ամերիկան գոյություն ունի, Իսրայելը երբեք ստիպված չի լինի միայնակ պաշտպանել իրեն»,- ընդգծել է Բլինքենը: ԱՄՆ պետքարտուղարը հայտնել է նաեւ, որ Իսրայելի հարավում իսլամիստ գրոհայինների ներխուժման հետեւանքով զոհվել է առնվազն 25 ամերիկացի։
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն Բլինքենի հետ հանդիպման ժամանակ շնորհակալություն է հայտնել Միացյալ Նահանգներին Իսրայելի կողքին կանգնելու համար: «ԱՄՆ-ը կկանգնի վաղը եւ միշտ»,- շեշտել է նա: Ասուլիսում Նեթանյահուն հայտարարել է, որ ոչ մի երկիր չպետք է առնչվի ՀԱՄԱՍ-ի հետ, եւ նրանք, ովքեր դա անում են, պետք է պատժամիջոցների ենթարկվեն:
Իսրայելի վարչապետն ավելի վաղ հայտարարել էր, որ ՀԱՄԱՍ-ին պետք է վերաբերվել այնպես, ինչպես ԴԱԻՇ-ին, որը նույնպես կոչնչացվի: «Մեզ շատ դժվար օրեր են սպասվում, բայց ես վստահ եմ, որ «քաղաքակրթության ուժերը կհաղթեն»,-ընդգծել է Իսրայելի վարչապետը: