Շիրակի մարզում բնակություն հաստատած արցախցիների համար Գյումրիում այսօր աշխատանքի տոնավաճառ էր կազմակերպվել։ Մեկ հարթակում աշխատանքի բազում առաջարկներ եղան՝ ամենատարբեր ոլորտներից․ սպասարկումից մինչեւ բարձր տեխնոլոգիաներ։
Մարզում գործունեություն ծավալող մի շարք ընկերությունների թափուր հաստիքներն արցախահայերին առաջարկելու նախաձեռնողներն էին «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը, Գյումրու տեխնոլոգիական կենտրոնը, Մանթաշյանց գործարարների միության Գյումրու մասնաճյուղը, Տեղեկատվական եւ հաղորդակցության տեխնոլոգիաների գործատուների միությունը, Գյումրու հայորդաց տունը։
Քսաներեք կազմակերպություն շուրջ հարյուր աշխատատեղի առաջարկով էր ներկայացել տոնավաճառին։ Աշխատանք փնտրող արցախցիներից ավելի քան 260-ը գրանցվեցին տարբեր աշխատանքների համար։ Նրանք անձամբ շփվեցին գործատուների հետ, փոխանակվեցին կոնտակտային տվյալներով։
Բացի տոնավաճառից՝ կազմակերպվել էր նաեւ մասնագիտական կողմնորոշման աշխատարան, ինչպես նաեւ ժամանցային միջոցառում ծնողների հետ տոնավաճառ այցելած արցախցի երեխաների համար։
Տոնավաճառի մանրամասներին եւ մասնակիցների սպասելիքներին կանդրադառնանք հոդվածով։