ՀՀ վիճակագրական կոմիտեն հրապարակել է 2023-ի հունվար–օգոստոսի ժողովրդագրական հիմնական ցուցանիշները։ Մասնավորապես՝ վերջին 2 տարվա համեմատ 2023-ին ՀՀ–ում ավելի շատ մարդ է ծնվել, փոխարենը պակասել է ամուսնությունների թիվը։
Կոմիտեի տվյալներով` 2023-ի հունվար–օգոստոսին Հայաստանի Հանրապետությունում ծնվել է 23 հազար 551 մարդ։ 2022-ի նույն ժամանակահատվածում ՀՀ–ում ծնվել է 22 հազար 964, 2021-ին՝ 23 հազար 440 մարդ։ Վիճակագրական կոմիտեն հրապարակել է նաեւ մահերի թիվը: 2023-ին մահերի թիվը նվազել է. 8 ամսում՝ 16 հազար 401, մինչդեռ 2022-ի առաջին 8 ամսում՝ 8 հազար 554, 2021-ին` 21 հազար 115 մահ։
2023-ի հունվար-օգոստոսին պակասել է ամուսնությունների թիվը. 10 հազար 691՝ 2022-ի 10 հազար 880–ի եւ 2021–ի 11 հազար 262-ի փոխարեն։ Միեւնույն ժամանակ ամուսնալուծությունների թիվը մնացել է գրեթե անփոփոխ. 2023-ի 8 ամսում ՀՀ-ում ամուսնալուծվել է 2.949, նախորդ տարվա նույն ժամանակահատվածում` 2.981, իսկ 2021 թվականին՝ 2.891 զույգ։