«Էմ Ջի Էմ Փարտներս» փաստաբանական ընկերությունը հայտարարություն է տարածել՝ իրավասու անձանց եւ մարմիններին կոչ անելով գործուն քայլեր ձեռնարկել Արցախից տեղահանված՝ իրավապահ համակարգում, ուժային կառույցներում, ինչպես նաև դատական ատյաններում աշխատող մասնագետների իրավունքների իրացման համար: Ըստ անհրաժեշտության՝ նաեւ ապահովել նրանց աշխատանքային գործունեությունը Հայաստանում: Լուծումները, ըստ «Էմ Ջի Էմ Փարտներս»-ի, պետք է լինեն համակարգային եւ հնարավորինս սեղմ ժամկետներում։
Ընկերությունն առաջարկում է Արցախի պետական մարմինները ներկայացնող ղեկավար անձնակազմի հետ հանգամանորեն քննարկել եւ կնքել համապատասխան հուշագրեր եւ դրանց շրջանակում կառուցել իրատեսական փոխհարաբերություններ։ Միաժամանակ ընկերությունում մտադիր են Արցախի իրավաբանների (փաստաբանների) համար նախաձեռնել իրավաբանի մասնագիտությամբ ինտեգրվելու համապատասխան ծրագիր, այդ թվում՝ հեռավար կարգով:
«Տարիներ ի վեր անվտանգային անասելի սպառնալիքների ներքո իրենց մասնագիտական պարտականությունները բարեխղճորեն կատարած, օրենքին եւ արդարադատությանը ծառայած նվիրյալները այսօր դարձել են վտարանդի եւ, առավել քան երբեւէ, կարիք ունեն համարժեք գնահատման եւ սրտացավ աջակցության»,- ասված է հայտարարության մեջ։