ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ԱՊՀ գագաթնաժողովից հետո ասուլիսում անդրադարձել է հայ-ադրբեջանական հարաբերություններին եւ Ղարաբաղի խնդրին։
Պուտինը, մասնավորապես, հայտարարել է, թե ՌԴ խաղաղապահների մանդատը միայն դիտորդական էր՝ ըստ նոյեմբերի 9–ի հայտարարության։ Նա նշել է, որ սեպտեմբերի 19-ի «ծանր դեպքերից եւ հայ բնակչության ելքից հետո» իրավիճակը փոխվել է. ուստի բանակցություններում պետք է որոշել՝ ինչ եւ ինչպես ենք անելու: Պուտինը նշել է, որ Մոսկվան պատրաստ է աջակցելու խաղաղության պայմանագրի կքնմանը։
«Չկան խնդիրներ, որոնք կարող են խանգարել Բաքվի եւ Երեւանի միջեւ խաղաղության պայմանագրի կնքմանը։ Կան տեխնիկական բնույթի հարցեր՝ սահմանների զատման եւ գծման թեմայով, բայց դրանք տեխնիկական հարցեր են․ 100 մետր այս ու այն կողմ, մի կիլոմետր այս ու այն կողմ, արդեն կարեւոր չէ»,- նշել է ՌԴ նախագահը։ Նա հավելել է, որ եթե երկու կողմից բարի կամքի դրսեւորում լինի, այդ ամենին կարելի է հասնել եւ հաջորդիվ քայլերը ձեռնարկել: