«Ինքնախաբեության քաղցկեղը ներսից ուտում է մեր հասարակությանը» միտքը «Թարգի՛ր, լաո» փոդքասթի 33-րդ թողարկման առանցքն է։ Կարպիս Փաշոյանն ու Գոռ Մադոյանն այս անգամ խոսում են Արեւմուտքից հայ հասարակության ունեցած ակնկալիքների գերագնահատման եւ հարավկովկասյան տարածաշրջանում Ռուսաստանի դերի թերագնահատման մասին։ Երկուսն էլ, նրանց կարծիքով, չեն նպաստում հայկական քաղաքական մտքի առողջացմանը։
ԳՈՌ ՄԱԴՈՅԱՆ— Մակրոնը նույնիսկ իր բերանով է ասում, որ [Ադրբեջանի դեմ] պատժամիջոցներ չեն լինելու, որովհետեւ ֆրանսիական Տոտալը միլիարդավոր դոլարների պայմանագիր էր ստորագրել Սոկարի հետ։ Դուք ո՚նց եք պատկերացնում՝ Մակրոնը ինքն իրեն պատժամիջոցի ենթարկի՞։ Կամ, երբ որ լսում եք՝ ինչ որ մեկն ասում ա, որ Ֆրանսիան հեսա կօգնի, Ադրբեջանին պատժամիջոցի կենթարկի, կամ զենք կտա, հիշեք, որ Ադրբեջանի տնտեսության մեջ ֆրանսիական Տոտալը [նավթագազային ընկերություն] ահռելի բաժին ունի։
ԿԱՐՊԻՍ ՓԱՇՈՅԱՆ-Ընդհանրապես պետք չի, որ Ֆրանսիան պատժամիջոց կիրառի, ընդհանրապես պետք չի, որ Ֆրանսիան պրոհայկական լինի։ Պրոհայկական եթե լինում ա, պիտի առնվազն էն կարգավիճակը ունենա Հայաստանի համար՝ ինչ Թուրքիան Ադրբեջանի համար։ Եթե էդ կարգավիճակով չի մտնում տարածաշրջան, ուրեմն մնացածը արդեն պայմանականություն ա, ֆորմալություն եւ ընդհանրապես մեզ վնասում ա։
Մենք կորցնում ենք արժեքավոր միջնորդի։ Եվ Ադրբեջանը՝ Ալիեւը, պատրվակ ա իրա համար հորինում, որպեսզի տապալի բանակցային գործընթացը։ Ֆրանսիան էլ դրան նպաստում ա՝ մեծ հաշվով, մեզ պետք չի Ֆրանսիայի պրոհայկականությունը։
Կամ, երբ որ զրահապատ մեքենաններ են մեզ առաջարկում, հա՞, ու անունն էլ դնում են՝ ֆրանսիական ռազմական օգնություն։ Էդ էլ պետք չի, ախպեր, սովետական վիլիսներով յոլա գնում ենք։
Նորից եմ շեշտում, եթե Ֆրանսիան Հայաստանի համար կարա դառնա էն, ինչ որ Թուրքիան Ադրբեջանի համար էր, էդ արդեն ուրիշ, լուրջ խոսակցություն է, բայց մնացածը վնասում ա պրոցեսին։
Էդ լղոզված, լպրծուն, անհասցե, անորոշ պրոհայկականությունը, հայերին սիրելու էդ օրիենտալիստական աղանդը, էդ ամեն ինչը վնասում ա պրոցեսին, վնասում ա քաղաքականությանն ու սպառնալիքի տակ ա դնում Հայաստանի անվտանգային միջավայրը։ Պետք չի, թող Ֆրանսիան մնա որպես միջնորդ, որպես ԵՄ առաջատար երկիր, որը կարող է Ալիեւին էլ, Փաշինյանի էլ նստացնել բանակցային սեղանի շուրջ, մնացածը արդեն ձեւականություն ա։
ԳՈՌ ՄԱԴՈՅԱՆ-Վերջերս Ազատության տեսանյութերից մեկն էի նայում՝ Հեղինե Բունիաթյանի։ Էդ արեւմտյան աղանդի կարկառուն ներկայացուցիչներից մի քանիսի հետ կարճ զրույցի էր բռնվել։ Մեկը Խզմալյանն էր, որը ասում էր՝ ԵՄ-ն մեզ մի քանի անգամ կանչել ա, որ դառնանք ԵՄ անդամ, բայց մենք անշնորհակալ, դեբիլի պես [հրաժարվել ենք]։
ԿԱՐՊԻՍ ՓԱՇՈՅԱՆ-Հեղինեի ձեւակերպումը հանճարեղ էր, Խզմալյանը պատճառներն ա բերում, թե ինչի պետք ա Ռուսաստանից պոկվենք, մեկ էլ [Հեղինեն] ասում ա, բայց նրա նշած կետերը դիցաբանական էին։ Հանճարեղ ա։
ԳՈՌ ՄԱԴՈՅԱՆ-Գիտես ինչ էի մտածում էդ նայելուց, որ կերպարներ կան, որոնք օդից արհեստականորեն առանց շոշափելի նյութական հիմքերի մարդկանց մեջ էդ փրկչական սպասումներն են արհեստականորեն բուծում, արհեստականորեն ուռճացնում են էդ փրկչական սպասումները։ Ընդ որում էդ փրկչական սպասումները շատ բազային են հասարակությունների համար։ Բոլորը ինչ որ փրկիչներ են փնտրում՝ մեկը անցյալում ա փնտրում, մեկը՝ ապագայում, մեկը ներկայում կարող ա փրկիչներ փնտրի։
Փրկիչները կարող ա լինեն հերոսների տեսքով։ Մի հերոս կգա բոլորին կփրկի, կամ մի հերոս կգա ու բոլորին կդատի, պատասխանատվության կենթարկի, Ստալինի պես հերոսներ են փնտրում։ Ու, երբ որ արհեստականորեն ուռճացվում են սպասումները՝ ԵՄ-ն կանչեց՝ չգնացիք, Ֆրանսիայի ռազմական օգնությունը Վրաստանով [էր գալու], չվերցրեցիք։ Էդ մարդիկ իրականում ոչ թե օգնում են, այլ վնասում։
Իրենք արհեստականորեն ուռճացնում են փրկության թեման՝ Անգլիան կլինի, Ֆրանսիան կլինի, Գերմանիան կլինի, ով կլինի, հետո [մարդիկ] սպասելու են, չի գալու էդ փրկությունը, օգնությունը, ու ստացվելու է, որ հետո ասելու են՝ էդ չէ՞ր ձեր Ֆրանսիան, միշտ էլ մեզ գցել ա։ Այսինքն՝ իրենք ըստ էության, վնաս են տալիս էդ ուղղությանը, լինելով արեւմտամետ՝ ամենամեծ հարվածն են հասցնում Արեւմուտքին։
ԿԱՐՊԻՍ ՓԱՇՈՅԱՆ-Այսինքն, մարդիկ արեւմտամետությունը պայմանավորում են միայն խզմալյանների [խոսքով]…
ԳՈՌ ՄԱԴՈՅԱՆ-Եթե Տիգրան Խզմալյանը արեւմտամետ ա, ես միութենական պետության կողմնակից եմ։ Այսինքն, վերաձեւակերպելով Բրոդսկուն, որն ասում էր՝ եթե Եվտուշենկոն դեմ ա կոլխոզներին, ես կողմ եմ։