Ինչպես հայտնի է, Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին Կառավարության որոշմամբ առաջիկա վեց ամիսներին ֆինանսական աջակցություն է տրամադրվելու կացության կարիքները հոգալու նպատակով:
Ընտանիքի յուրաքանչյուր անդամին 40.000 դրամ վարձի, եւս 10.000-ական դրամ կոմունալ ծախսերի համար գումարն առաջին հայացքից բավարար պետք է լինի, սակայն արդեն իսկ տեղեկություններ կան, որ բնակարանների գների արհեստական բարձրացում է նկատվում, հատկապես՝ Երեւանում:
Հիշեցնեմ, որ այս խնդրին բախվել էինք ուկրաինական պատերազմի հետեւանքով 100 հազարից ավելի ռուսաստանցիների ներգաղթից հետո, երբ բնակարանների վարձակալության գները կտրուկ բարձրացան, ինչի հետեւանքով վարձով ապրող մեր շատ քաղաքացիներ ստիպված եղան կա՛մ ընդունել բարձր վճարը, կա՛մ դուրս գալ տներից:
Եթե խնդրին նայենք ազատ շուկայի տրամաբանության դիրքերից, ապա սա բնական է` շուկայում վճարունակների պահանջարկը մեծացել է, առաջարկն էլ բնականորեն արձագանքել է դրան:
Այսուհանդերձ, կապիտալիզմի օրենքներից եւ ազատ շուկայական տնտեսությունից անդին առկա է պետության սոցիալական քաղաքականության եւ գերակայություններ սահմանելու պատասխանատվությունը:
Եթե ռուսաստանցիների ներգաղթի պարագայում մեր քաղաքացիներին պաշտպանելու եւ քաղաքային բնակչության դեմոգրաֆիական կազմը պահպանելու խնդիր պիտի դրվեր, ապա այս պահին մեր ամենախոցելի խմբի` արցախահայության արժանապատիվ կացության համար հնարավորություն ստեղծելու խնդիր կա:
Բնակարանների վարձակալության վերահսկողությունը կարող է լավ գործիք լինել առնվազն այս փուլում շուկան վերահսկելու հարցում: Այսպիսի վերահսկողության` Rent Control-ի լավ փորձառություն ունի ԱՄՆ-ը, որտեղ առնվազն յոթ նահանգներում բնակարանների վարձակալության գները վերահսկվում են նահանգային մակարդակում կամ քաղաքային իշխանությունների կողմից:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎՌուսներին հասանելի է, մնացածը՝ հեչ |
Այսպես, օրինակ՝ Վաշինգտոնում վարձով տրվող բնակարանների գների ամենամյա աճը չի կարող գերազանցել կոնկրետ գումարը (օրինակ՝ 25$ կամ 50$), ինչի արդյունքում այս կամ այն թաղամասի բնակիչը երաշխիքներ ունի կյանքի կազմակերպման, բնակության վայրի հեռանկարի, երեխաների դպրոցի եւ տարաբնույթ այլ հարցերում:
Այո՛, իրական ազատ տնտեսությունում շուկան շատ բան է որոշում, սակայն հանրային կյանքի կազմակերպման, ներդաշնակ համակեցության եւ գերակայություններ սահմանելու հարցում պետությունն ասելիք ունի:
Ուստի «հիասթափված եմ էս ժողովրդից, հենց տեսան փող կա, տների գները բարձրացրին» գերշահույթի ձգտող մարդկանց մասին էմոցիոնալ խոսակցություններից պետք է կոնկրետ կարգավորումների անցնել:
Բնակարանների վարձակալության վերահսկողությունն այս առումով կարող է արդյունավետ գործիք լինել, ընդ որում՝ սա կարելի է անել շատ արագ, օրինակ՝ Երեւանի տարբեր գոտիներում քաղաքապետարան-թաղապետարան համակարգված աշխատանքի միջոցով։
Սրա համար նոր օրենք ընդունել պետք չէ, Երեւանի ավագանու որոշումը կարող է ավելի քան բավարար լինել:
Մասնագիտությամբ արեւելագետ, հակամարտությունների վերլուծաբան։ Խառնվածքով՝ քաղաքացիական ակտիվիստ։ Հոգով՝ ստեղծարար եւ նորարար։ Վրաստանի հայալեզու Ալիք կայքի հիմնադիրն է։