«Մենք կանգնած ենք Իսրայելի կողքին, քանի որ նա պաշտպանում է իրեն»,- հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը: Նա հավելել է, որ ԱՄՆ-ը նաեւ ակտիվորեն աշխատում է ապահովելու, որ Գազայի բնակիչները կարողանան դուրս գալ վտանգավոր ճանապարհից եւ կարողանան ստանալ անհրաժեշտ օգնությունը՝ սնունդ, ջուր եւ դեղորայք:
«ՀԱՄԱՍ-ին չի հետաքրքրում` արդյոք պաղեստինցիները տուժում են, թե ոչ»,- X սոցիալական ցանցի (նախկին Twitter) իր գրառման մեջ նշել է ԱՄՆ պետքարտուղարը:
Բլինքենը շեշտել է, որ Իսրայելի եւ մի շարք արաբական պետությունների՝ Հորդանանի, Բահրեյնի, Կատարի, ԱՄԷ-ի, Սաուդյան Արաբիայի եւ Եգիպտոսի ղեկավարները հավաստիացրել են, որ չեն ցանկանում՝ պաղեստինա-իսրայելական հակամարտությունն ավելի ընդլայնվի տարածաշրջանում։
Արքայազնը Բլինքենին ամբողջ գիշեր սպասեցրել է
The Washington Post պարբերականը գրում է, որ Սաուդյան Արաբիայի գահաժառանգ արքայազն Մուհամմեդ բեն Սալմանը ԱՄՆ պետքարտուղար Բլինքենին հոկտեմբերի 15-ի ամբողջ գիշերը սպասեցրել է իր հետ հանդիպելու համար: Ըստ պարբերականի՝ արքայազնը ժամանել է միայն առավոտյան եւ «դեռ ներս չմտած»՝ ամերիկյան դիվանագիտության ղեկավարին ասել ռազմական գործողությունները շտապ դադարեցնելու անհրաժեշտության մասին: