1991 թվականի հոկտեմբերի 16-ին Հայաստանի քաղաքացիներն առաջին անգամ նախագահ ընտրեցին։ Ընտրապայքարը թեժ էր, թեկնածուներն՝ առատ։ Ընտրողների ձայների գերակշիռ մեծամասնությունը՝ 83 տոկոս, տրվեց «Ղարաբաղ» կոմիտեի անդամ, ՀՀ Գերագույն խորհրդի նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանին։ Սա քվե էր, որը մերժում ու բացառում էր արկածախնդրությունը։
Ասվածը հավաստելու համար «Ալիք Մեդիան» ներկայացնում է հատվածներ 1991-ի նախագահական ընտրություններից առաջ եւ հետո Լեւոն Տեր-Պետրոսյանի տված երեք հարցազրույցներից։ Դրանք հետաքրքիր են հատկապես այսօրվա իրադարձությունների խորապատկերում։
Նախագահ ընտրվելուց երկու ամիս առաջ
LE MONDE — Ըստ որոշ աղբյուրների՝ Նովո-Օգարյովոյում հուլիսի 23-ի հանդիպմանը Ձեր մասնակցելը հիմք է տվել պարոն Գորբաչովին եզրակացնելու, որ Հայաստանը պատրաստվում է ստորագրել միութենական պայմանագիրը։ Արդյո՞ք դա այդպես է։
ԼԵՎՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ — Ամենեւին։ Հայաստանը, որ ընտրել է անկախության հասնելու խորհրդային Սահմանադրությամբ սահմանված ուղին, կողմ է Միության կառուցվածքի քննարկմանը նվիրված բոլոր հանդիպումներին օժանդակելու սկզբունքին։
Մինչդեռ ապրիլի 23-ի «9+1» առաջին հանդիպմանը չէին հրավիրվել այն վեց հանրապետությունները (Լատվիա, Լիտվա, Էստոնիա, Վրաստան, Հայաստան, Մոլդովա — Ալիք Մեդիա), որոնք հրաժարվել էին մասնակցել ԽՍՀՄ-ն իր հին տեսքով պահպանելու վերաբերյալ հանրաքվեին։
Երկրորդի ժամանակ, մայիսի 24-ին, ես գտնվում էի Ֆրանսիայում։
Ինչ վերաբերում է երրորդին, որը կայացավ հունիսի 2-ին՝ ներկա չէի ի նշան բողոքի Լեռնային Ղարաբաղի հարցում Մոսկվայի դիրքորոշման (խոսքը հավանաբար «Կոլցո» օպերացիայի մասին է, որն Արցախը բռնի կերպով հայաթափելու նպատակ ուներ — Ալիք Մեդիա)։
Երբ ինձ հարցրին, թե ինչպիսի՞ն է Հայաստանի վերաբերմունքը միութենական պայմանագրի նկատմամբ, ասացի, որ անհնար է պատասխանել այդ հարցին` մինչեւ սեպտեմբերի 21-ին Հայաստանում անցկացվելիք հանրաքվեն, որով պետք է պարզվի ժողովրդի վերաբերմունքն անկախությանը։
Նշված հանդիպման ընթացքում Ուկրաինայի ներկայացուցիչների պատասխանը մոտավորապես նույնն էր. անհրաժեշտ է սպասել եւս երկու ամիս, մինչեւ հարցը դրվի իրենց խորհրդարանի քննարկմանը։
Հայաստանի դեպքում, կարծում եմ, տարիմաստ պատասխան չի լինի. ժողովուրդն անկախություն է ուզում։ Նա միաժամանակ կողմ է ԽՍՀՄ մյուս ժողովուրդների հետ տնտեսական կապերի պահպանմանն ու հետագա զարգացմանը։
Ինչպես արդեն նշել եմ, օրենքով սահմանված կարգով անկախության ձգտող հանրապետությունների նկատմամբ անբարենպաստ առեւտրական հարաբերությունների պարտադրման քաղաքականությունը, որը որդեգրել է Մոսկվան, կոպտորեն խախտում է հենց խորհրդային օրենքների դրույթները։ Պարոն Բորիս Ելցինն, ի դեպ, այս հարցում միացավ իմ կարծիքին։
«Հայաստանի Հանրապետություն», 14 օգոստոսի, 1991
Թարգմանություն ֆրանսերենից։ «Լը Մոնդ» (“Le Monde”), 26 հուլիսի, 1991
Հարցազրույցը՝ Սոֆի Շիհաբի
Նախագահ ընտրվելուց վեց օր անց
ՀԱՅՔ — Հանրաքվեն տեղի ունեցավ մեծ ոգեւորությամբ։ Որքան էլ որ իրատեսությամբ լեցուն` ժողովուրդն անհամբեր է Հայաստանի միջազգային ճանաչման խնդրում։ Որեւէ կանխատեսում կանե՞ք։
ԼԵՎՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ — Ես ուզում եմ հստակ արտահայտել իմ տեսակետը, որպեսզի զուր պատրանքներ չփայփայենք։
Աշխարհը ճանաչեց Բալթյան հանրապետությունների անկախությունը. բայց, չնայած իրավական այնպիսի մի զորեղ հիմքի, ինչպիսին է այդ երկրների օկուպացիայի անօրինականությունն աշխարհի կողմից մշտապես ընդունած լինելը՝ միայն Ռուսաստանից հետո ճանաչեց նրանց։
Այժմ Արեւմուտքում ձեւավորվում է մի նոր քաղաքական տեսակետ, որից օգտվում է Գորբաչովը։ Այն է՝ Բալթյան պետությունների օրինակը չպետք է նախադեպ ծառայի մյուս հանրապետությունների համար։
Այսինքն, Արեւմուտքը նորից չի քաջալերում անկախության ձգտող հանրապետություններին եւ կճանաչի նրանց միայն այն ժամանակ, երբ այդ բանը կանի Մոսկվան։
Մոսկվա ասելով` ես հասկանում եմ Ելցինին, քանի որ ամբողջ աշխարհին է հայտնի, որ Խորհրդային Միության ռեալ քաղաքականությունն այսօր որոշում է Ելցինը։
Մենք շարժվել ենք խորհրդային գործող օրենքների համաձայն, այդ պատճառով իրավաբանական առումով ո՛չ Ելցինը, ո՛չ Գորբաչովը, ո՛չ Արեւմուտքը որեւէ առարկություն չեն կարող ունենալ մեր անկախությանը։
Եւ որովհետեւ քաղաքական տեսանկյունից հարցը կրկին հանգում է Ռուսաստանին, ես չեմ թաքցնի, որ Մոսկվայում հանդիպեցի թե՛ Ելցինի եւ թե՛ Ռուսաստանի պետական քարտուղար Բուրբուլիսի հետ առանձին-առանձին եւ լուրջ խոսակցություններ ունեցա։ Կարող եմ ասել, որ դեպքերի զարգացումը լավատեսություն է ներշնչում։ Ավելին չեմ կարող ասել։
ՀԱՅՔ — Արցախում շարունակվող արյունալի բախումները նշանակո՞ւմ են, արդյոք, որ Ժելեզնովոդսկի հայտարարագիրը մեռելածին մի փաստաթուղթ է, թե՞ առաջընթացի հույս կա։
ԼԵՎՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ — Ես այն կարծիքին չեմ, որ փաստաթուղթը մեռելածին է, թեեւ դա չի նշանակում, թե անվերապահորեն հավատում եմ նրա հաջողությանը։
Պարզապես ես ելնում եմ այն հանգամանքից, որ այսպիսի խնդիրների լուծման մեջ հարկավոր չէ անտեսել որեւէ միջոց։
Համենայն դեպս, ես կարծում եմ, որ Ելցինի եւ Նազարբաեւի միջնորդությունը, երաշխավորությունը շատ ավելի մեծ հնարավորություններ ունի հաջողությամբ պսակվելու, քան Գորբաչովի առաքելությունը։
«Հայք», 23 հոկտեմբերի, 1991
Հարցազրույցը՝ Վահրամ Մարտիրոսյանի
ԽՍՀՄ փլուզումից 43 օր անց
ИЗВЕСТИЯ — Ես լավ եմ հիշում, որ Հայաստանի Գերագույն խորհրդի նախագահ Ձեր ընտրվելուց հետո շատերը Կենտրոնում «հեղափոխական գործողություններ» էին սպասում։ Սակայն այդպիսիք չեղան։ Ինչո՞ւ։
ԼԵՎՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ — Իմ գործողություններում ես ելնում էի հայ ժողովրդի հոգեբանության, այն խորքային բնազդների ըմբռնումից, որոնք պայմանավորված են նրա ողբերգական պատմությամբ։ Մենք այնքան փորձություններ ենք ապրել, որ այժմ հայության համար ամենագլխավորը հուսալիության ձգտումն է։ Մեր ժողովուրդն արկածախնդրություն չի հանդուրժի։
ИЗВЕСТИЯ — Հայաստանի մասնակցությունը ԱՊՀ-ին՝ տնտեսությա՞ն վիճակով պարտադրված որոշում է, թե՞ այն ձեռնտու է հանրապետությանը։
ԼԵՎՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ — Ես դանդաղ, հիմնարար գործընթացների կողմնակից եմ, իսկ ամեն տեսակի կտրուկ շրջադարձերը վտանգավոր եմ համարում։
Ի սկզբանե մենք ընտրել էինք լիակատար քաղաքական անկախության ուղեգիծ, նպատակ ունենալով միաժամանակ մասնակցել Միությունում, իսկ այժմ արդեն նախկին ԽՍՀՄ-ի տարածքում տեղի ունեցող բոլոր կառուցողական գործընթացներին։
Եւ մենք հետեւողականորեն պաշտպանում էինք այդ գիծը, թեեւ հանրապետության ընդդիմությունը մեկ անգամ չէ, որ փորձել է շեղել մեզ այդ գծից։
Այն մեր ժողովրդին վստահության եւ ապագայի կանխատեսելիության զգացում է հաղորդում։ Ես չեմ կարող, իրավունք չունեմ նրան զրկել այդ զգացումից։
Օբյեկտիվ պատճառներով նույնպես հնարավոր չէ մեկ րոպեում քանդել այն, ինչ դարերով է կազմավորվել։
«Հայաստանի Հանրապետություն», 6 փետրվարի, 1992
Թարգմանություն ռուսերենից, «Իզվեստիա» (“Известия”), 1 փետրվարի, 1992