Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն Քնեսեթի ձմեռային նստաշրջանի բացման ժամանակ հայտարարել է, որ Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ին հաղթելը ժամանակ կպահանջի։ Միեւնույն ժամանակ նա զգուշացրել է «Հեզբոլլահին» եւ Իրանին. «որեւէ հարձակման» դեպքում Իսրայելը «կոշտ պատասխան կտա»։
Ընդդիմության առաջնորդ Յաիր Լապիդը, ելույթ ունենալով Նեթանյահուից հետո, մեկնաբանել է Իսրայելի վրա ՀԱՄԱՍ-ի ահաբեկչական գործողությունները։ «Մենք արմատախիլ կանենք ՀԱՄԱՍ-ը: Լիովին: Դա ժամանակ եւ մեծ ջանքեր կպահանջի»,- ասել է նա: Ըստ Լապիդի՝ գուցե դա միջազգային հանրության սրտով չլինի, սակայն խոսքը սպանված իսրայելցի երեխաների մասին է, որոնց համար ահաբեկիչները, այսպես թե այնպես, պետք է հատուցեն։ «Իսրայել պետությունը հրաժարվում է վախի և բռնության մեջ ապրելուց: Միասնությունն այժմ չափազանց կարևոր է: Միասին մենք կհաղթենք»,- եզրափակել է նա:
Մինչեւ ամբիոն բարձրանալը ընդդիմության առաջնորդը սեղմել է Իսրայելի կառավարության ղեկավարի ձեռքը։
Հոկտեմբերի 16-ին ավելի վաղ Իսրայելի նախկին վարչապետ Էհուդ Բարաքը քննադատել է վարչապետ Բենիամին Նեթանյահուին՝ ասելով, որ «նորմալ երկրում նա հրաժարական կտար»: Բարաքը հայտարարել է, որ Իսրայելը չի կարող ամբողջությամբ ոչնչացնել ՀԱՄԱՍ-ը, քանի որ ՀԱՄԱՍ-ը գաղափարախոսություն է, այն մարդկանց երազանքներում է, նրանց սրտերում, նրանց գիտակլցության մեջ: