Հայաստանի պատմության թանգարանում հոկտեմբերի 18-ից Չարենցի անվան գրականության եւ արվեստի թանգարանի աջակցությամբ կբացվի «Հավերժի վավերագրողները․ Արամ, Արա, Արտաշես Վրույրներ» խորագրով ժամանակավոր ցուցադրությունը: Այն նվիրվում է կատակերգակ դերասան, լուսանկարիչ Արամ Վրույրի (Արամ Մաքասճյան. 1863-1924) ծննդյան 160-ամյակին: Ցուցադրությունում կլուսաբանվեն նրա եւ որդիների բեմական գործունեությունն ու լուսանկարչական ժառանգությունը:
Բեմական եւ գրական գործունեությանը զուգընթաց Արամ Վրույրը շուրջ երեք տասնամյակ զբաղվել է հնագիտական լուսանկարչությամբ։ 1904-1917 թվականներին նա մասնակցել է Նիկողայոս Մառի գլխավորած գիտարշավներին: Հենց Արամ Վրույրի անմիջական մասնակցությամբ էլ հայտնաբերվել են Անիի Գագկաշեն եկեղեցու ավերակները: Արամ եւ Արա Վրույրների շնորհիվ պահպանվել եւ մեզ են հասել Ադրբեջանի ոչնչացրած Ջուղայի՝ խաչքարերով հարուստ գերեզմանատան լուսանկարները։