Ուկրաինայի Ազգային անվտանգության եւ պաշտպանության խորհրդի քարտուղար Դանիլովն ակնարկել է, որ Արեստովիչն աշխատում է ռուսական հետախուզական ծառայությունների համար:
Թեեւ նա բացահայտորեն չի նշել Ուկրաինայի նախագահի գրասենյակի նախկին խորհրդականի անունը, սակայն սոցիալական ցանցերում նրա գրառումից դժվար չէ կռահել, թե ում մասին է խոսքը։
«Նման ակտիվության նշաններն են տարբեր փորձագետների, հետախուզության դերակատարների եւ այլ տիպի ավանտյուրիստների կտրուկ ակտիվացումը ռուսական օրակարգը ռուսերենով առաջ մղելու գործում։ Հենց նրանք են այս պահին բղավում հակահարձակման ձախողման մասին, ակնարկում պատերազմի նպատակները վերանայելու անհրաժեշտության եւ այն մասին, որ Ռուսաստանի հետ պետք է բանակցել»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է Ալեքսեյ Դանիլովը։
Արեստովիչը չի հապաղել եւ արձագանքել է Դանիլովի հայտարարությանը: «Արեստովիչի գործառույթը միլիոնավոր մարդկանց իրավիճակը բացատրելն է: Իսկ Ուկրաինայի ԱԱԽ քարտուղարի գործառույթը պետական մակարդակով բամբասանքներ տարածելն է: Չնայած, միայն դա չէ, նա նաեւ սլայդներ է մատուցում նախագահին, տեսել եմ մի քանի անգամ նրան այդ գործի վրա: Երկուս ու կես տարում աշխատակազմում եղած ժամանակ նրանից ուրիշ օգուտ չեմ տեսել», — գրել է Ուկրաինայի նախագահի աշխատակազմի նախկին խորհրդական Ալեքսեյ Արեստովիչը Telegram-ի իր ալիքում:
Ըստ դիտորդների՝ Դանիլովն, ամենայն հավանականությամբ, վիրավորվել է Արեստովիչի այն խոսքերից, երբ վերջինս Յուլյա Լատինինայի հետ վերջին հաղորդումներից մեկում նրան անվանել է «խրտվիլակ»:
Ավելի վաղ Ուկրաինայի նախագահի աշխատակազմի նախկին խորհրդական Ալեքսեյ Արեստովիչը գերմանական Berliner Zeitung պարբերականին տված հարցազրույցում Ուկրաինայում իշխանափոխության կոչ է արել՝ երկրի բարձրագույն ղեկավարությանը մեղադրելով ռազմավարական սխալ հաշվարկների համար: