ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հոկտեմբերի 16-ին հեռախոսազրույց է ունեցել Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի եւ Պաղեստինի ղեկավար Մահմուդ Աբասի հետ:
Պաղեստինա-իսրայելական հակամարտության սրացումից հետո Նեթանյահուի հետ իր առաջին զրույցում Պուտինը ցավակցություն է հայտնել իսրայելցիների մահվան կապակցությամբ: Նա ընդգծել է քաղաքացիական անձանց զոհ դարձնող ցանկացած գործողության վճռական մերժումը եւ դատապարտումը:
Պաղեստինյան WAFA գործակալությունը հայտնել է, որ Պաղեստինի ղեկավար Մահմուդ Աբասի հետ իր զրույցում Պուտինը հաստատել է Ռուսաստանի դիրքորոշումը՝ աջակցելու Պաղեստինի ժողովրդի ազատության եւ անկախության իրավունքին Արեւելյան Երուսաղեմ մայրաքաղաքով իրենց պետությունում։
Պաղեստինի նախագահը բարձր է գնահատել Մոսկվայի աջակցությունը Պաղեստինի ժողովրդին եւ մատնանշել Գազայի հատվածում խաղաղ բնակիչների վրա Իսրայելի հարձակումները դադարեցնելու անհրաժեշտությունը։ Պաղեստինի առաջնորդը հայտարարել է խաղաղ բնակչության վրա հարձակումները դադարեցնելու, Գազա դեղորայքի եւ սննդի առաքման համար անվտանգ միջանցքների ստեղծման եւ այդ հատվածի բնակիչներին ջրով եւ էլեկտրականությամբ ապահովելու անհրաժեշտության մասին։
ՌԴ նախագահն ընդգծել է Պաղեստինի, Եգիպտոսի, Իրանի եւ Սիրիայի ղեկավարների հետ այսօրվա շփումների առանցքային կետերը: Նա հաստատել է Ռուսաստանի սկզբունքային պատրաստակամությունը՝ աշխատելու հակամարտությունը դադարեցնելու ուղղությամբ։