Շուրջ երեք տասնամյակ Հայաստանի պետական բյուջեում հատուկ տող է եղել Լեռնային Ղարաբաղին միջպետական վարկ տրամադրելու մասին։ Հայաստանն իր օգնությունը Ղարաբաղին պաշտոնապես հատկացրել է վարկի միջոցով, բայց այդ գումարը երբեւէ չվերադարձվելու չգրված պայմանով։
ԼՂՀ կառավարման համակարգում, կարիքների բավարարման ծրագրերում մայր Հայաստանից տրվող գումարը գերակշռող է եղել։
Հայաստանից Ղարաբաղին տրվող այդ գումարները կտրուկ մեծացան 2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո։ Պատերազմին հաջորդող տարում Արցախին հատկացվեց ավելի քան 140 մլրդ դրամ։ Իսկ այս տարվա բյուջեով նախատեսված էր 136 մլրդ դրամ։ Առայժմ հայտնի չէ, թե մինչեւ հիմա կամ մինչեւ սեպտեմբերի 19-ի հարձակումը դրանից որքան է հատկացվել։ Հայաստանի Կառավարությունն Արցախի ֆինանսավորումը տրամադրել է ամսական ծախսերի հաշվարկով։ Միայն պետական ապարատի աշխատավարձերը յուրաքանչյուր ամիս շուրջ 4 մլրդ դրամ են եղել։ Սեպտեմբերին այդ գումարը հատկացվել է, ապա՝ հավանաբար Ադրբեջանի հարձակումից հետո՝ սառեցվել։
Արցախի մեկօրյա պատերազմից երկու շաբաթ անց՝ հոկտեմբերի 2-ին, Կառավարությունը հաստատել եւ Ազգային ժողով է ուղարկել 2024 թվականի պետական բյուջեի նախագիծը։ Շուրջ երեք տասնամյակ անց կամ Լեռնային Ղարաբաղի ազատագրումից հետո առաջին անգամ այնտեղ Արցախին գումար հատկացնելու մասին տող չկա։
Արցախը դատարկված է, վերջին նախագահ Սամվել Շահրամանյանն էլ սեպտեմբերի 28-ին հանրապետությունը լուծարելու մասին հրամանագիր է ստորագրել եւ ամբողջ պետական համակարգով տեղափոխվել Հայաստան։ Էլ ո՞ւմ պետք է Հայաստանը միջպետական վարկ հատկացներ։
Իսկ ի՞նչ գումարներով կամ հատկացումներով են հոգալու Հայաստան տեղափոխված ավելի քան հարյուր հազար արցախահայերի կարիքները։ Չէ՞ որ բյուջեում յուրաքանչյուր ծախս կամ գումար հասցեագրված է եւ ունի որոշակի նպատակ եւ ուղղություն։ Այդ ծախսերը հաստատ ավելի քիչ չեն լինի, քան մինչ այժմ հատկացրել է Հայաստանը Արցախին։ Դատելով արցախահայերի կարիքներից՝ եկող տարի այն կարող է ավելի շատ լինել, քան այս տարվա համար նախատեսված 136 մլրդ դրամն է։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն արդեն իսկ հայտարարել է, որ միայն տեղահանման, յուրաքանչյուր անձի հարյուրհազարական դրամ փոխանցելու եւ այլ կարիքների համար հատկացումները գերազանցում են 100 մլն դոլարը կամ շուրջ 38 մլրդ դրամը։
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադեւոս Ավետիսյանն «Ալիք Մեդիայի» հետ զրույցում նախ հիշեց, որ 2023 թվականի բյուջեով Արցախի համար նախատեսված գումարն արդեն իսկ անցած տարվա փաստացի ծախսերից պակաս էր 20 մլրդ դրամով։ «Երեւի արդեն կանխատեսում էին, որ վերջին եռամսյակում Արցախի Հանրապետությունում բռնի տեղահանում է լինելու։ Ինչ ասեմ, փաստորեն դեպքերի բերումով հասանք այդ կետին, որ մեր բյուջեով Արցախի պահպանման ու զարգացման համար այլեւս գումար չի տրամադրվելու»,- ասաց նա։
Այնուամենայնիվ, պատգամավորը կարծում է, որ եկող տարվա եւ առնվազն առաջիկա մի քանի տարիների կտրվածքով արցախցիների կարիքները հոգալու, նրանց ինտեգրելու նպատակով առանձին ծրագրեր ու ծախսեր պետք է նախատեսվեն։
Բռնի տեղահանված մեր հայրենակիցների խնդիրներն առանձնահատուկ են՝ ի տարբերություն Հայաստանի մյուս քաղաքացիների։ Դրանք միայն սոցիալ-առողջապահական չեն, նաեւ կրթական ու հոգեբանական են։ Սկզբում պետք է գույքագրվեն նրանց բոլոր կարիքները, ըստ դրանց ծրագրեր եւ միջոցառումներ պլանավորվեն։ Հետո պետք է գնահատել իրականացման համար անհրաժեշտ գումարի չափն ու ըստ այդմ ֆինանսավորել եւ իրագործել դրանք։
«Միակ հուսադրողն այն է, որ դեռ սկիզբն է, գուցե չեն հասցրել պլանավորել։ Ամեն դեպքում մեծ աշխատանք կա անելու։ Պետք է նաեւ մտածեն, թե ինչպես ծախսեն այդ գումարները, որովհետեւ եթե պետության գումարները նպատակին չծառայեցնեն, նույնը մի քանի անգամ են կրկնելու։ Բայց դատելով այս իշխանությունների նախորդ հինգ տարիների փորձառությունից՝ կարծում եմ, որ գործընթացներն ինչպես ձախողված սկսել են, այդպես էլ կավարտեն»,- հավելեց Թադեւոս Ավետիսյանը։
Արեւմտյան տարբեր պետություններ եւ միջազգային կառույցներ արդեն իսկ հայտարարել են, որ տեղահանված արցախցիների կարիքների համար շուրջ 35 մլն դոլարի օգնություն կտրամադրեն։ Սրանք կարծես թե հրատապ հատկացումներն են, միջազգային կառույցներում կան նաեւ ավելի մեծ օգնություն հատկացնելու վերաբերյալ քննարկումներ։
Արդյո՞ք Կառավարությունը հույս ունի նման աջակցությունների շնորհիվ խուսափել բյուջետային հատկացումներից։ Միգուցե նաեւ ուզում է հասկանալ, թե տեղահանված որքան արցախցի կմնա Հայաստանում։ Չէ՞ որ Նիկոլ Փաշինյանն անցած շաբաթ հայտարարեց, թե արդեն իսկ 2500 հոգի գնացել է երկրից, եւ այդ հոսքը դեռ կշարունակվի։
Ազգային ժողովի Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի ՔՊ-ական նախագահ Վահե Ղալումյանն էլ հավատացնում է, թե Կառավարությունն արցախահայերի կարիքների համար կծախսի այնքան գումար, որքան անհրաժեշտ կլինի։ Իսկ այն, որ 2024 թվականի բյուջեի նախագծում այդ նպատակի համար որոշակի հատկացում չկա, չի նշանակում, որ վերաբաշխումներ չեն լինի։ «Միգուցե այլ ծախսերից տնտեսումներ կլինեն, եւ Կառավարությունն այդ հատկացումները կանի։ Ես գիտեմ, որ այս պահի դրությամբ որեւէ խնդիր չկա»,- ասաց նա։
Պարզապես հիշեցնենք, որ Կառավարության հայտարարության համաձայն՝ թոշակառու արցախցիներն իրենց կենսաթոշակը կստանան Հայաստանում, առողջական խնդիրներ ունեցողները կբուժվեն պետպատվերով, դպրոցականները եւ ուսանողները կշարունակեն կրթությունը մեր ուսումնական հաստատություններում։ Իսկ սոցիալական ապահովության, առողջապահության եւ կրթության ու գիտության ոլորտները համակարգող նախարարություններին 2024-ին այս տարվա համեմատ հատկացվել է 220 մլրդ դրամ կամ 550 մլն դոլար ավելի գումար։ Գուցե հենց սա է արցախցիների բաժինը։
Լրագրող եմ, գրում եմ քաղաքականության եւ տնտեսության մասին։ Սիրում եմ, երբ այդ երկուսը միախառնված են, եւ հնարավոր չի լինում հասկանալ՝ քաղաքական շահե՞րն են որոշում տնտեսական զարգացումները, թե՞ տնտեսական շահերն են որոշում քաղաքական զարգացումները։