Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ իսրայելա-պաղեստինյան հակամարտության կողմերի համար երաշխավորների համակարգ ստեղծելու պարագայում Անկարան պատրաստ է Պաղեստինի անվտանգության երաշխավոր դառնալու։
Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն ընդգծել է, որ հատկապես պաղեստինյան կողմի համար որպես երաշխավորներ հանդես եկող երկրները պետք է լինեն Մերձավոր Արեւելքից: Ըստ Ֆիդանի՝ դա վերաբերում է նաեւ Թուրքիային։ Նա ընդգծել է, որ մյուս երկրներն էլ պետք է երաշխավոր լինեն Իսրայելի համար։
«Համաձայնության հասնելուց հետո, որը կբավարարի երկու կողմերին, երաշխավոր երկրները պետք է պատասխանատվություն ստանձնեն դրա պահանջների կատարման համար»,- շեշտել է Թուրքիայի արտգործնախարարը՝ հավելելով, որ միայն նման կերպ է հնարավոր հասնել հաստատուն խաղաղության: