ՀՀ–ն պատրաստ է ապահովելու բոլոր գերիների, պահվող անձանց, կալանավորված անձանց «բոլորը բոլորի դիմաց վերադարձնելու» սկզբունքը։ Նման հայտարարություն է արել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 17-ին Եվրոպական խորհրդարանում իր ելույթում։ Փաշինյանը հավելել է, որ ՀՀ-ն պատրաստ է նաեւ սերտորեն համագործակցելու անհայտ կորածների ճակատագրի պարզաբանման հարցում։ Նա նշել է, որ ներկա պահին Հայաստանի Հանրապետության 1016 քաղաքացի համարվում է անհայտ կորած:
Փաշինյանն ընդգծել է, որ Հայաստանը պատրաստ է համագործակցելու նաեւ ականազերծման հարցում։ Նա շեշտել է, որ դեռ 2021-ին Հայաստանը, որպես բարի կամքի արտահայտություն, առանց նախապայմանների Լեռնային Ղարաբաղից ստացել եւ Ադրբեջանին է փոխանցել ականապատ դաշտերի հայկական կողմի տրամադրության տակ եղած բոլոր քարտեզները:
Ըստ ՀՀ վարչապետի` Ադրբեջանը, սակայն, դա ընկալեց ոչ թե որպես խաղաղությանն ուղղված քայլ, այլ ՀՀ-ի նկատմամբ ագրեսիվ հռետորաբանությունը սաստկացնելու առիթ։
Հայ իրավապաշտպանների տվյալներով` ադրբեջանական գերության մեջ են գտնվում 80 հայ զինծառայող եւ քաղաքացիական անձ։ Բաքուն հաստատում է միայն 33 անձի գերի լինելու փաստը։