Ֆրանսիայի պաշտպանության նախարար Սեբաստիան Լըկորնյուն հոկտեմբերի 17-ին Ֆրանսիայի սենատորների հետ հանդիպմանն անդրադարձել է հայ-ֆրանսիական ռազմական համագործակցությանն առնչվող հարցերին։ Նախարարը նշել է, որ ուշադիր հետեւում է Հայաստանի շուրջը տեղի ունեցող իրադարձություններին: «Մշտական պաշտպանական առաքելություն է բացվել, եւ մեր պաշտպանական կցորդին, որը փորձառու փոխգնդապետ է, ուզում եմ շնորհավորել ստանձնած պարտավորության համար»,- հավելել է Լըկորնյուն։
Նա նշել է, որ Ֆրանսիայի նախագահ Մակրոնը հստակ սահմանել է, որ Ֆրանսիայի պաշտպանության նախարարության օրակարգը պաշտպանական զինատեսակների վաճառքն է, քանի որ դրա շուրջ են Հայաստանի հետ Ֆրանսիայի քննարկումները։
«Ավելին չեմ ասի, թե ինչ զենքերի մասին է խոսքը՝ ճնշումներից խուսափելու եւ այս ամենը իրագործելու համար»,- ընդգծել է Ֆրանսիայի պաշտպանության նախարարը: Այնուամենայնիվ, նա թեթեւակի ակնարկել է, որ որոշ զինատեսակներ խիստ պաշտպանական կլինեն եւ առաջին հերթին կծառայեն կյանքերի պաշտպանությանը եւ Հայաստանի անվտանգության ապահովմանը: