ՀԱՄԱՍ-ը պատասխանատու է Գազայի հատվածում խաղաղ բնակիչների, նրանց թվում՝ իսրայելցի պատանդների եւ պաղեստինցիների անվտանգության համար։ Դրա մասին Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հետ համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն։ Նա նշել է, որ ՀԱՄԱՍ-ը մերօրյա նացիստներն են։
Իսրայելի վարչապետի բնորոշմամբ ՀԱՄԱՍ-ը իսլամական պետությունն է, որոշ դեպքերում ավելի վատ։ «Եվ ինչպես աշխարհը միավորվեց՝ հաղթելու նացիստներին, ինչպես աշխարհը միավորվեց՝ հաղթելու ԴԱԻՇ-ին, այնպես էլ աշխարհը պետք է միավորվի Իսրայելի թիկունքում՝ ՀԱՄԱՍ-ին հաղթելու համար: Դա Իրանի, «Հեզբոլլահի» եւ ՀԱՄԱՍ-ի չարիքի առանցքի մի մասն է»,- ընդգծել է Նեթանյահուն։
Վարչապետը նշել է, որ ՀԱՄԱՍ-ի նպատակը Իսրայել պետությունը ոչնչացնելն է, ինչը խմբավորումը չի էլ թաքցնում։
«ՀԱՄԱՍ-ի բացահայտ նպատակն է սպանել որքան հնարավոր է շատ հրեաների, եւ միակ տարբերությունն այն է, որ նրանք կսպանեին մեզնից յուրաքանչյուրին, եթե կարողանային»,- ասել է Իսրայելի վարչապետը։ Նեթանյահուի համոզմամբ ՀԱՄԱՍ-ի գրոհը ամերիկյան չափանիշներով նման է սեպտեմբերի 11-ի հարձակումներին:
«Մենք պետք է քայլեր ձեռնարկենք ՀԱՄԱՍ-ին հաղթելու համար եւ երաշխավորենք, որ դա այլեւս չկրկնվի: Բայց սա միայն մեր կռիվը չէ, սա մեր ընդհանուր ճակատամարտն է»,- եզրափակել է Նեթանյահուն: