Արաբական եւ մահմեդական աշխարհն արձագանքել է Գազա քաղաքի կենտրոնում գտնվող Ալ-Մոհամդանի հիվանդանոցի ռմբակոծությանը։
Եգիպտոսը կատարվածը որակել է որպես «կանխամտածված ռմբակոծություն» եւ «միջազգային մարդասիրական իրավունքի լուրջ խախտում» եւ Իսրայելին կոչ է արել անհապաղ դադարեցնել Գազայի բնակիչների դեմ կոլեկտիվ պատժի քաղաքականությունը։
Արաբական պետությունների լիգայի ղեկավարը արեւմտյան առաջնորդներին կոչ է արել այս աղետի դեմն առնել, մեղադրել Իսրայելին ռազմական հանցագործությունների համար։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ենթադրյալ ավիահարվածն անվանել է «մարդկային հիմնական արժեքներից զուրկ հարձակումների վերջին օրինակը»: Նման հայտարարություններ եղան նաեւ Կատարի, ինչպես նաեւ Իրանի կողմից։
Սակայն Գազայի հիվանդանոցում տեղի ունեցած պայթյունին արձագանքել է ոչ միայն արաբական աշխարհը։ Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն հարձակումն անվանել է «սարսափելի, անընդունելի եւ անօրինական»: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը խստորեն դատապարտել է արաբական հիվանդանոցի վրա հարձակումը, իսկ ԵՄ ղեկավար Շառլ Միշելը հայտարարել է, որ քաղաքացիական ենթակառուցվածքներին հարվածելը խախտում է միջազգային իրավունքը։
Ըստ The Times of Israel-ի՝ Իսրայելի պաշտպանության բանակն իր հերթին հայտարարել է, որ հիվանդանոցին խոցած հրթիռի համար պատասխանատուն «Իսլամական ջիհադն» է: «Սա այն հրթիռն է, որը պետք է թռչեր Հայֆա»,- շեշտել են ՑԱԽԱԼ-ի մամուլի ծառայության հայտարարությունում: Գազայի հիվանդանոցում պայթյունի պատճառ կարող էր լինել ՀԱՄԱՍ-ի հրթիռի սխալ արձակումը, հայտնել է իսրայելական i24 հեռուստաալիքը՝ հղում անելով Իսրայելի պաշտպանության բանակի նախնական հետաքննությանը։ Հետաքննության մանրամասները չեն հաղորդվում։
Հիվանդանոցի ռմբակոծությունից քիչ առաջ ՀԱՄԱՍ-ը հաղորդագրություն է տարածել Իսրայելի Հայֆայի վրայով հզոր հրթիռի արձակման մասին։ Միեւնույն ժամանակ Հայֆայի վրա հրթիռակոծություն չի արձանագրվել։
Իսրայելի վարչապետ Բենiամին Նեթանյահուն հայտարարել է, որ Գազայի հիվանդանոցի վրա հարձակվել են բարբարոս ահաբեկիչները, ոչ թե Իսրայելի պաշտպանության բանակը: «Մեր երեխաներին դաժանաբար սպանողը սպանում է նաեւ իր երեխաներին»,-շեշտել է Նեթանյահուն։