Իրանի խորհրդարանի հոկտեմբերի 18-ի նիստը սկսվել է «Մահ Իսրայելին», «Մահ Ամերիկային» վանկարկումներով։ Իրանի արտաքին գործերի նախարարությունը Գազայի հիվանդանոցի վրա Իսրայելի հարձակումն անվանել է «դաժան պատերազմական հանցագործություն» եւ «ցեղասպանություն»:
ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Նասեր Քենանին գրավոր հայտարարություն է տարածել Գազայում հիվանդանոցի վրա Իսրայելի հարձակման վերաբերյալ։
Հարձակումը որակելով որպես «դաժան պատերազմական հանցագործություն» եւ «ցեղասպանություն»՝ Քենանին նշել է, որ Իսրայելը եւս մեկ անգամ աշխարհին ցույց տվեց, որ չի հարգում միջազգային իրավունքի սկզբունքներն ու նորմերը։
Նշելով, որ Իրանը խստորեն դատապարտում է այդ հարձակումը՝ Քենանին ընդգծել է, որ Իրանն ակնկալում է միջազգային հանրությունից, հատկապես ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդից, կատարել իր պարտավորությունները՝ արագ հետաքննելու Գազայում ռազմական հանցագործության մասշտաբները եւ պատասխանատվության ենթարկելու իսրայելցի պաշտոնյաներին, որոնք մեղավոր են այս միջադեպի համար։
Իրանի իշխանությունները մեկօրյա համազգային սուգ են հայտարարել։ Իրանի կառավարության գրավոր հայտարարության մեջ միջազգային հանրությունը, առաջին հերթին իսլամական երկրները, կոչ են արել երկրներին խզել հարաբերությունները Իսրայելի հետ եւ արտաքսել իրենց երկրներում Իսրայելի դեսպաններին։
«Գազայի հիվանդանոցում վնասվածքներից բուժվող անմեղ պաղեստինցիների վրա այս գիշեր ընկած ամերիկա-իսրայելական ռումբերի կրակը վաղ թե ուշ կլանելու է սիոնիստներին: Ազատ մարդու լռությունը նման ռազմական հանցագործության նկատմամբ անընդունելի է: Իրանն, իբրեւ իսլամական աշխարհի մաս, սգում է»,- X սոցիալական ցանցի իր գրառման մեջ նշել է Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին։