«Հայկական Կարիտաս» բարեսիրական հասարակական կազմակերպությունը միջազգային գործընկեր կառույցների եւ Հայ կաթողիկե եկեղեցու «Աղաջանյան» ճամբարի համագործակցությամբ Շիրակի մարզի Թորոսգյուղում հյուրընկալել է 150-ից ավելի արցախահայի: Այստեղ հոգում են նրանց կացության լիարժեք պայմանների եւ երեքանգամյա սննդի հարցերը:
Սլավիկ եւ Իրա Սարգսյաններին երկար ու դժվար ճանապարհը Թորոսգյուղ է բերել: Թե որքան դաժան էր երեք օրուգիշեր պարկինսոն հիվանդություն ունեցող 75-ամյա ամուսնու հետ ճանապարհը հաղթահարել, տիկին Իրան պատասխանելու փոխարեն լաց է լինում՝ առանց բառ անգամ ասելու:
Հետո էմոցիաները զսպում, դողացող ձայնով շարունակում է պատմել. տարիների աշխատանքը, հարազատ տունուտեղը, սիրտն ու հոգին թողել, զինվորական շտապօգնության մեքենայով, վախը սրտներում, սոված-ծարավ Հայաստան են հասել: Ով ինչով ու ինչպես կարողացել, եկել է: Ընտանիքը ծվեն-ծվեն է եղել, տղաներն իրենց կին ու երեխաներով այլ մարզերում են հանգրվանել, մինչեւ հետագա անելիքը հասկանան, միավորվեն:
«Մենք վարժվել էինք սարսափով ապրելուն. այնպես չէր, որ տեղահանությունը պատահական սկսվեց,- հիշում է 67-ամյա կինը:- Գիշերը ժամը 4-ից խանութներում հացի հերթերը, դրանցից հաճախակի դատարկաձեռն տուն վերադառնալը, ապրելու համար օրը 24 ժամ պայքարելը մեզ համար սովորական էին դարձել»:
Թորոսգյուղում ջերմ ընդունելությունը կյանքի հույսի նշույլներ է արթնացրել թոշակառու զույգի մեջ: Ասում են՝ ոչ մի կարիք չունեն. միայն հայրենիքի ու տան կարոտն է կեղեքում ներսից, բայց այդ դարդին դարման անել չեն կարող:
Սրտի անկյունում հույս է փայփայում. Ստեփանակերտ է վերադառնալու՝ կրկին հարեւանուհու հետ առավոտյան տաք սուրճը վայելի, շտապելով աշխատանքի գնա:
«Հայկական Կարիտաս»-ի՝ Արցախից բռնի տեղահանվածների համար իրականացվող ծրագրի ղեկավար Մկրտիչ Բաբայանը տեղեկացնում է, որ սեպտեմբերի 27-ից սկսել են ընդունել տեղահանված մեր հայրենակիցներին: Առաջին օրը 100 մարդու են ընդունել, այնուհետեւ գնացող-եկողներ են եղել, թիվը տատանվել է՝ հասնելով 154-ի:
Առաջնային կարիքները հոգալուց հետո բուժօգնություն, հոգեբանական աջակցություն է տրամադրվել: Թորոսգյուղում հաստատված ընտանիքների դպրոցահասակ շուրջ երեք տասնյակից ավելի երեխաներին էլ տեղավորել են գյուղի դպրոցում: Գրենական պիտույքի կարիք նույնպես չունեն, միայն դպրոցի ճանապարհն է երկար, աշխատում են տեղափոխման հարցերին նույնպես լուծում տալ:
Թե որքան ժամանակ կարող են հուրընկալել բռնի տեղահանված ընտանիքներին, դեռ հայտնի չէ:
Ճամբարի բնակիչներն էլ, թեեւ գոհ են պայմաններից ու հոգատարությունից, ցանկություն են հայտնում բնականոն կյանք վերադառնալ՝ ապրել իրենց տներում:
Առաջին մասնագիտությամբ բանասեր, երկրորդով՝ հոգեբան, լրագրությունը, սակայն, երրորդը չէ։ Լրագրությունը բոլոր մասնագիտություններից ամենասիրելին է։