Արեւելագետ, հակամարտությունների վերլուծաբան, Վրաստանի եւ Հայաստանի «Ալիք Մեդիա» կայքերի հիմնադիր Արսեն Խառատյանն անդրադարձել է Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ուղղած հայտնի բաց նամակին, որում Սաակաշվիլին Փաշինյանին խորհուրդ է տալիս հայտարարել ՀԱՊԿ-ից, ԱՊՀ-ից ու Եվրասիական միությունից անհապաղ դուրս գալու մասին ու բռնել ԵՄ-ին, ՆԱՏՕ-ին անդամակցելու ճանապարհը։
«Լավ է ասում` սրտիցս է, միայն թե պիտի բացատրի, թե այդ ճանապարհը բռնած իր 10 տարվա քաղաքականությունն ինչո՞ւ մինչ օրս Վրաստանը չի հասցրել այդ կառույցներին անդամակցելուն»,- գրում է Արսեն Խառատյանը եւ Սաակաշվիլիին խորհուրդ է տալիս` խորհուրդ չտալ, կամ` փոխել հասցեատիրոջը։
Խառատյանը նշում է, որ Սաակաշվիլիի նամակում ամենամեծ ցինիզմը Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր կնքելու խորհուրդն է։ Ըստ նրա՝ նախկին նախագահին պետք է տեղյակ պահել, որ Փաշինյանը գրեթե ամեն օր հայտարարում է Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր կնքելու պատրաստակամության մասին:
«Այդ իր վաղեմի ընկեր Ալիեւն է, որ ոչ միայն չի ուզում արեւմտյան միջնորդությամբ խաղաղություն, այլեւ Արեւմուտքի երեսին թքելով Պուտինի կողքից տեղ չի գնում, եւ հենց Ռուսաստանի միջնորդությամբ ու շահերի ներկայացմամբ է «խաղաղությունից» խոսում»,- գրել է վերլուծաբանը:
Նա հիշեցրել է, որ այս տարվա սեպտեմբերին Սաակաշվիլին ոչ մի կերպ չարձագանքեց էթնիկ զտումների Բաքվի քաղաքականությանը։ Ավելին՝ անթաքույց հրճվանքով շնորհավորում էր Ալիեւին եւ Ադրբեջանի ժողովրդին Արցախը հայաթափելու կապակցությամբ:
Վերջում Վրաստանի նախկին նախագահին Խառատյանը խորհուրդ է տվել զերծ մնալ բաց նամակներ գրելուց։ «․․.իսկ եթե իրոք մի լավ բան է ուզում անել, ապա կոչ եմ անում այսօր եւեթ կապվել իր խորհրդի իրական հասցեատիրոջ` Իլհամ Ալիեւի հետ եւ հորդորել նրան այս ամսվա վերջին Բրյուսել գնալ Փաշինյանի հետ խաղաղության պայմանագիր քննարկելու»,- նշել է վերլուծաբանն իր ֆեյսբուքյան գրառման մեջ: