Արցախի նախկին ՄԻՊ Արտակ Բեգլարյանը ֆեյսբուքյան գրառմամբ անդրադարձել է Եվրոպական խորհրդարանում Նիկոլ Փաշինյանի հոկտեմբերի 17-ի ելույթին եւ սեպտեմբերի 19-ից ի վեր նրա մի շարք հայտարարություններին:
Նա նշել է, թե տպավորություն է ստեղծվում, որ ՀՀ իշխանությունները հրաժարվել են Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացում Արցախին առնչվող նույնիսկ ընդհանրական նախապայման-սկզբունքից, այն է՝ Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքների ու անվտանգության երաշխավորում միջազգային մեխանիզմի շրջանակներում:
ՀՀ իշխանություններին եւ միջազգային դերակատարներին նա հորդորում է վերանայել իրենց ձախողված մոտեցումները եւ բարձրացնել Արցախի ժողովրդի իրավունքների եւ անվտանգության երաշխավորման նշաձողը:
«Արցախի ժողովրդի ցեղասպանությունից ու հայրենազրկումից հետո նշաձողի ոչ թե հերթական իջեցումը, այլ վերացումը խիստ անընդունելի ու անթույլատրելի է, քանի որ Արցախի ժողովրդի բռնի տեղահանումը ոչ թե վերացրել է խնդիրը, այլ ավելի ցցուն է դարձրել այն»,- նշել է նա:
Նա հավելել է, որ գլխավոր նպատակները պետք է լինեն Արցախի ժողովրդի վերադարձը հայրենիք, այնտեղ անվտանգ կերպով ապրելու միջազգային բարձր երաշխիքները եւ արժանապատիվ կերպով ապրելու համար անհրաժեշտ ինքնակառավարման բարձր մակարդակը:
Բեգլարյանն ընդգծել է, որ Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորմամբ հետաքրքրված բոլոր ուժերը թող չկարծեն, թե այդ հակամարտային հանգույցը հաղթահարված է, եւ հնարավորության պատուհան է բացվել «խաղաղության համաձայնագրի» համար: Իրականությունն այլ է՝ Արցախի ժողովրդի արյան ու ողբերգությունների հաշվին խաղաղություն չի կարող լինել տարածաշրջանում, իսկ ցեղասպան ու բռնապետ Ալիեւն էլ դրանով չի բավարարվելու:
«Թող որեւէ մեկը չկարծի, թե Արցախի ժողովրդի կարիքները զուտ հումանիտար բնույթի են եւ դրանք լուծելով կարող են համարել էջը փակված: Ո՛չ, Արցախի ժողովրդի գլխավոր կարիքն ու նպատակն իր հայրենիքում անվտանգ ու արժանապատիվ կերպով ապրելն է, իսկ հումանիտար կարիքները առաջացել են այդ հիմնական կարիքի բավարարման հարցում ամբողջական ձախողման հետեւանքով»,- նշել է նա: