Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հոկտեմբերի 17-ին «Դիմաքսյանն ընդդեմ ՀՀ-ի» վճռով արձանագրել է Մ․ Դիմաքսյանի կյանքի իրավունքի խախտման փաստը: Զինծառայողի մահից 11 տարի անց ՄԻԵԴ-ը բավարարել է ներկայացված դիմումը՝ հաշվի առնելով, որ պետությունը չի կատարել կյանքի իրավունքը պաշտպանելու իր դրական պարտավորությունը:
2012 թվականի փետրվարի 5-ին՝ մարտական հերթափոխի ժամանակ, իր հետ հերթապահություն իրականացնող ծառայակցի կողմից Մ. Դիմաքսյանը ստացել է հրազենային վնասվածք ուսի շրջանում։
Ըստ վճռի՝ Դիմաքսյանի մահը հետեւանք է զինվորական ծառայության ընթացքում պետության կողմից զինվորի համար անվտանգ պայմաններ չապահովելու։ Մասնավորապես՝ դեպքի օրը զորամասի եւ հերթապահություն կազմակերպելու համար պատասխանատու զինվորական մարմինները չեն վերահսկել զենքի եւ սարքավորումների ճիշտ օգտագործումը։ Ավելին՝ պետությունը չի կարողացել ապահովել շտապ բժշկական օգնությունը։
Դիմաքսյանը մահացել է հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին արյան սուր կորստից։ Ժամեր շարունակ հնարավոր չի եղել վնասվածք ստացած Դիմաքսյանին տրամադրել բժշկական սպասարկում, քանի որ վնասվածք ստանալուց հետո նրան փորձել են տեղափոխել հիվանդանոց նախ զինվորական բեռնատարով, ապա շտապօգնության պատշաճ չաշխատող մեքենայով, որը չի ունեցել անգամ համապատասխան շտապ օգնության սարքավորումներ։
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը որոշել է, որ ՀՀ-ն պարտավոր է Մ․ Դիմաքսյանի հորը փոխհատուցել 30 հազար եվրո՝ որպես բարոյական վնասի փոխհատուցում։