Գազայի հատվածում հիվանդանոցի գնդակոծության ամբողջ պատասխանատվությունը, որի հետեւանքով զոհվել է առնվազն 500 մարդ, ուղղակիորեն Թել Ավիվի վարչակազմն է կրում: Դրա մասին հայտնել են Գազայում պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման մամուլի ծառայությունից՝ հավելելով, որ հարձակումն իրականացվել է ԱՄՆ-ի տրամադրած զենքով, որը բացի Իսրայելից ոչ մի երկիր չունի։
Հայտարարության մեջ նշվում է, որ Իսրայելը փորձել է խեղաթյուրել կոտորածի մասին ճշմարտությունը՝ կեղծ պատմություններ հորինելով։ «Ֆաշիստական օկուպացիոն ուժերը, սպառնալով ռմբակոծել հիվանդանոցը, կրակել են շտապօգնության 23 մեքենայի վրա. զոհվել են ավելի քան 25 բժիշկ, նրանց ընտանիքների անդամներ եւ ավելի քան 3 հազար պաղեստինցի խաղաղ բնակիչ։ Այդ մարդկանց 70 տոկոսը երեխաներ ու կանայք են եղել»,- ընդգծվում է հայտարարության մեջ։
Նշվում է նաեւ, որ Իսրայելը մինչ այժմ ավերել է գրեթե 120 հազար տուն։ ՀԱՄԱՍ-ը ՄԱԿ-ին եւ աշխարհի բոլոր երկրներին կոչ է արել դատապարտել իսրայելական ուժերի կատարած հանցագործությունը։