Սենյակում կողք կողքի շարված է 14 անկողին, գետնին՝ ներքնակ, աջ կողմում՝ խոհանոց, մեջտեղում՝ ճաշասեղան, վերջում՝ պատի տակ, անկողիններն են։ Նախկին մրգի խանութը Արցախից տեղահանված Գրիգորյանների ներկայիս կացարանն է։ Նրանց առօրյան անցնում է այստեղ․ մեկը ռադիո է լսում, մյուսը քնած է, կանայք շարժական վառարանի վրա կերակուր են պատրաստում, փոքրիկ Միրան հաշվում է Աստղաշենից բերած աստղերը, Կամոն էլ խաղում է իր պատրաստած զենքերով։
Տասնչորս հոգով են` Միրա Գրիգորյանն ամուսնու եւ երեխաների ընտանիքների հետ։ 2023-ի սեպտեմբերին տեղահանվեցին երկրորդ անգամ։ Երեք օր ճանապարհներին էին, հաց չունեին, դադարներով ու շատ դանդաղ հասել են Մասիս։ Դադարների ընթացքում էլ Միրա Գրիգորյանը մեքենաների կողքով շրջել ու թոռների համար հաց է խնդրել։
Այժմ նրանց ամենահրատապ մարտահրավերներից մեկը տարրական հարմարությունների բացակայությունն է: Խանութը հին է, չկան հոսող ջուր եւ գազ, ինչը նրանց ստիպում է լուծումներ գտնել առօրյա կարիքները հոգալու համար։ Շշերով ջուր են բերում դրսից, իսկ գազի փոքր շարժական բալոնի վրա կերակուր պատրաստելը եւ մեծ թասի մեջ ափսեներ լվանալը դարձել են առօրյա։
Ապահովության եւ կյանքը վերականգնելու հնարավորության հույսով ընտանիքը հավաքվել է այս լքված խանութում։ Աջակցում են միմյանց՝ կիսվելով պատմություններով եւ վերհիշելով իրենց տունը։
Լուսանկարներն արվել են 02.10.2023թ․
Նկարագրում եմ այն՝ ինչ չեմ կարող փոխել։