Գյումրիում տեղի է ունեցել Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի, ՀՊՏՀ Գյումրու մասնաճյուղի եւ Գ.Վ. Պլեխանովի անվան Ռուսաստանի տնտեսագիտական համալսարանի համատեղ կազմակերպած «Նոր տնտեսական աշխարհակարգը թվայնացման եւ արհեստական բանականության դարաշրջանում» խորագրով միջազգային երրորդ գիտաժողովի բացման արարողությունը։
Գիտաժողովը ՀՊՏՀ Գյումրու մասնաճյուղի եւ Գ. Վ. Պլեխանովի անվան Ռուսաստանի տնտեսագիտական համալսարանի համագործակցության երրորդ հաջողված փորձն է: Նախորդ գիտաժողովը տեղի էր ունեցել 2022 թվականին եւ նվիրված էր ՀՊՏՀ Գյումրու մասնաճյուղի 25-ամյակին:
Բացման խոսքով հանդես են եկել ՀՊՏՀ Գյումրու մասնաճյուղի տնօրեն Կարեն Պետրոսյանը, Գ. Վ. Պլեխանովի անվան Ռուսաստանի տնտեսագիտական համալսարանի պրոֆեսոր Ալեքսանդրա Լեշչինսկայան, ՀՊՏՀ գիտության բաժնի պետ Տիգրան Մարտիրոսյանը եւ Շիրակի մարզպետի տեղակալ Աննա Մարտիկյանը։
Լիագումար նիստի ավարտից հետո մեկնարկել են աշխատանքները երեք բաժանմունքներում:
Գիտաժողովին ներկայացված հոդվածները գրախոսվելու եւ տպագրվելու են երկու ժողովածուներում: