Իսրայելական բանակը Գազայի հատվածի հարավում գտնվող Ռաֆահում սպանել է «Ժողովրդական դիմադրության կոմիտեներ» խմբավորման զինյալ թեւի ղեկավարին:
Իսրայելի պաշտպանության բանակի տվյալներով՝ Ռաֆաթ Աբու Հիլալը սպանվել է իսրայելական «Շին Բեթ» անվտանգության ծառայության ավիահարվածի հետեւանքով։ Նշենք, որ «Ժողովրդական դիմադրության կոմիտեները» Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ից եւ «Իսլամական ջիհադ»-ից հետո երրորդ ամենամեծ խմբավորումն է:
Իսրայելի ավիահարվածի հետեւանքով զոհվել է նաեւ ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի առաջին կին անդամը: Ջամիլա ալ-Շանթին ՀԱՄԱՍ-ի համահիմնադիր Աբդել Ազիզ ալ-Ռանտիսիի այրին էր եւ առաջին կինը, որն ընտրվել էր կազմակերպության քաղաքական բյուրոյի՝ վերջինիս բարձրագույն որոշումներ ընդունող մարմնի կազմում: Նրա ամուսին Աբդել Ազիզ Ռանտիսին սպանվել է 2004 թվականին իսրայելական օդուժի կողմից երկրորդ ինթիֆադայի (պաղեստինցի արաբների զինված ապստամբությունն ընդդեմ իսրայելական իշխանությունների) ընթացքում։
Իսրայելի պաշտպանության նախարարության հայտարարության մեջ ասվում է նաեւ, որ վերջին մեկ օրվա ընթացքում սպանվել է ՀԱՄԱՍ-ի էլիտար Նուխբա ստորաբաժանման առնվազն 10 զինյալ։