Հայաստանի գլխավոր դատախազությունը երեկ հաստատել է սեպտեմբերի 19-ին Արցախում «հակաահաբեկչական գործողություն» իրականացնելու Ադրբեջանի հիմնավորումը։
Գլխավոր դատախազությունից «Ազատությանը» տեղեկացրել են, որ քրեական գործ է հարուցվել պատերազմի ժամանակ հրամանատարի կամ պաշտոնատար անձի անփութության եւ մարտական տեխնիկան հակառակորդին հանձնելու համար։
Քրգործը հարուցվել է ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանի՝ հանրային հեռուստաընկերության եթերում արած հայտարարությունների ու ներկայացրած հաղորդման հիման վրա։
Այլ կերպ ասած, հայրենի իրավապահները ՀՀ զինանշանով կնքել են փաստաթղթեր, որոնք հակառակ մինչ այդ ամենաբարձր մակարդակով հնչած պնդումների, արձանագրում են, որ Հայաստանն ունեցե՛լ է զինված ուժեր Արցախում, այլապես ինչպե՞ս կարող է ՀՀ-ում քրգործ հարուցվել դրա հետ կապ չունեցող զինուժում ինչ-որ մեկի անփութության կամ ռազմական տեխնիկան ինչ-որ տեղ թողնելու համար։
Պետական շահի տեսանկյունից միանգամայն հասկանալի է, որ ՀՀ-ն չէր կարող ընդունել Արցախում զինուժ ունեցած լինելու մասին մեղադրանքները։ Սակայն Նոյեմբերի 9-ի հայտարարությամբ Հայաստանն արդեն իսկ ընդունել է դրանք։
Ավելին, ՀՀ վարչապետն ու ԱԽՔ-ն անգամ հայտարարել են, թե 2021-ի օգոստոսից Հայաստանն այլեւս զինուժ չունի Արցախում (այսինքն՝ մինչ այդ ուներ)։ Վերոնշյալ քրգործով էլ, ահա, ՀՀ-ն հաստատում է Ադրբեջանի այն պնդումը, թե այդ զինուժն այնտեղ էր ընդհուպ մինչեւ նախորդ ամիս։
Մինչդեռ ընդամենը օրեր առաջ իշխանական քարոզչությունը սեպտեմբերի 20-ի հայտարարության մեջ «ՀՀ զինված ուժեր» ձեւակերման տեղ գտնելը ներկայացնում էր որպես թիկունքից հարված, այնինչ իշխանությունը հենց ինքն է այդ հարվածի հեղինակը։
Սա նմանօրինակ առաջին դեպքը չէ։ Հայաստանում քրգործեր են հարուցվել նաեւ Արցախի ՊԲ երկու նախկին հրամանատարի նկատմամբ, բազմաթիվ գործեր կան այլ տրամաչափի զինվորականների նկատմամբ, որոնք Ադրբեջանն առատորեն օգտագործում է իր պնդումները հիմնավորելու համար։
Ինչի՞ համար է արվում այս ամենը։ Տրամաբանական միակ բացատրությունն այն է, որ Նիկոլ Փաշինյանը միջոցների մեջ խտրություն չդնելով փորձում է իրենից վանել վերջին 100 տարում մեր ժողովրդի գլխին բերած ամենամեծ արհավիրքի պատասխանատվությունը՝ ընդհուպ Ադրբեջանին ՀՀ դեմ խաղաքարտեր տալու գնով։
Ռաֆայել Թեյմուրազյանի ՖԲ էջից