Կարմիր խաչի միջազգային կոմիտեն հաղորդագրություն է տարածել, ըստ որի՝ ԿԽՄԿ թիմերն այցելել են ԼՂ-ում մնացած հայերին՝ ռազմական գործողություններին հաջորդած բռնագաղթից հետո մարդկանց օգնություն ցուցաբերելու նպատակով: ԿԽՄԿ-ի հաղորդագրության մեջ նշվում է, որ ԼՂ-ում իրենց տներում մնացել են քիչ թվով մարդիկ՝ կա՛մ իրենց ընտրությամբ, կա՛մ այն պատճառով, որ չեն կարողացել ինքնուրույն հեռանալ:
«Ոմանք կարիք ունեն բուժօգնության, սննդի եւ ջրի: Մյուսներն օգնություն են խնդրում հարազատների հետ կապ հաստատելու համար կամ խնդրում են հեռանալու համար տրանսպորտ հատկացնել: Մեր թիմերը նաեւ աջակցել են մահացած մարդկանց տեղափոխմանը դիահերձարաններ»,- ասված է հաղորդագրությունում։
ԿԽՄԿ թիմերը կապի մեջ են իրենց տներում մնացած սակավաթիվ բնակիչների հետ եւ նոր մարդկանց են որոնում: