Բրիտանական Reuters գործակալությունը հայտնել է, որ Թուրքիան 2024-ին իր ռազմական կարիքների համար ավելի քան 40 միլիարդ դոլար կհատկացնի: Այսպիսով՝ աճը կլինի 150 տոկոս, ինչը եւս մեկ քայլ է իր պաշտպանունակությունը բարձրացնելու համար։ 2023 թվականին Թուրքիան պաշտպանության եւ անվտանգության համար հատկացրել է շուրջ 16 միլիարդ դոլար։
Երեքշաբթի Թուրքիայի խորհրդարանը քվեարկել է մանդատը երկարաձգելու օգտին, որը հնարավորություն է ընձեռում Թուրքիայի անվտանգության ուժերին եւս երկու տարով անդրսահմանային գործողություններ իրականացնելու Սիրիայում եւ Իրաքում։
Թուրքիայի կառավարությունը նաեւ մտադիր է գրեթե կրկնապատկել պաշտպանության ոլորտի արդյունաբերական արտադրանքի արտահանումը։ 2024-ին արտահանումը պետք է լինի 11 միլիարդ դոլար՝ ներկայիս 6 միլիարդի փոխարեն։ Փոխնախագահ Ջեւդեթ Յըլմազը հավելել է, որ թուրքական պաշտպանական արդյունաբերությունը 2023 թվականին բարձրացնում է իր ինքնաբավությունը՝ 80%-ից հասցնելով 85%-ի։
Թուրքիան մեծ նշանակություն է տալիս ինքնաբավությանը եւ վերջին տարիներին միլիարդավոր դոլարներ է ներդրել իր պաշտպանական արդյունաբերության մեջ։