«Ընդդեմ եւ հանուն պատերազմի նախահիմքերի». այսպես կարելի է կոչել բրիտանացի պատգամավոր Դեյվիդ Աթկինսոնի զեկույցը Ղարաբաղում եւ նրա շուրջը տիրող իրավիճակի մասին, որը վերջինս կարդացել է Եւրոպական խորհրդի գլխավոր ասամբլեայում 2005 թվականի հունվարի 25-ին։
Զեկույցը, որ կարելի է համարել ոչ հայանպաստ, ըստ էության կարող է փոխել հայ-ադրբեջանական հարաբերությունների որակը։
Եթե անցած տասը տարում մենք ասում էինք, որ ի պատասխան ինքնորոշման մեր արդար պահանջի Ադրբեջանի հրահրած պատերազմում հաղթել ենք, ապա այսօր կարող ենք արձանագրել, որ մեր հաղթանակը, բացի հուզականությունից, այլեւս ոչինչ չի պարունակում։
Անկեղծ ասած՝ Աթկինսոնի զեկույցը կարդալիս ես հիշում էի Հայաստանի առաջին Նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի հրաժարականի տեքստը, որում մասնավորապես խոսվում էր «պատերազմի կուսակցության» իշխանության գալու մասին։
Շատերն այս ձեւակերպումը քննադատում էին՝ վկայակոչելով 1998-ից մինչ օրս (2005-ի հունվար) շարունակվող հարաբերական խաղաղությունը՝ չհասկանալով, որ առաջին Նախագահի՝ «Պատերա՞զմ, թե՞ խաղաղություն։ Լրջանալու պահը» հոդվածի հեղինակի խոսքը ոչ թե անմիջապես կամ ժամանակի ընթացքում հայտարարվելիք պատերազմի մասին էր, այլ այն քաղաքական մտքի, որը չի կարողանում կերտել երկրի ու ժողովրդի ապագայի մոդելը։
Այս իշխանությունների օրոք գուցե երբեւէ չսկսվեն ռազմական գործողություններ, բայց արդյո՞ք պատերազմի բացակայությունն է խաղաղությունը։
Տեղին է հիշել նաեւ Հանրապետության առաջին Նախագահի՝ անցած նոյեմբերին օդանավակայանում տված հարցազրույցի այն հատվածը, որտեղ Լեւոն Տեր-Պետրոսյանը ցավով արձանագրում է արժանապատիվ խաղաղության ձեռքբերման ճանապարհին մեր երկրի ապրած հետընթացը. «Ղարաբաղի հարցում ոչ միայն որեւէ առաջընթաց չկա, այլեւ, խոր ցավով եմ ասում, ես տեսնում եմ տխուր հետեւանքներ։ Այսինքն՝ այդ հարցի լուծումը ավելի խորանում եւ ավելի բարդանում է մեզ համար»։
Այս հետընթացի վառ ապացույցներից մեկն էլ երկու օր առաջ Դեյվիդ Աթկինսոնի կարդացած զեկույցն էր, որով, ըստ էության, արձանագրվեցին մի քանի իրողություններ, որոնք մեզ զրկում են բանակցություններում մանեւրելու հնարավորությունից, եւ որոնք ազատ են արձակում մեր հարեւան երկրի ձեռքերը։
Ասվածը հաստատելու համար մեջբերենք մի քանի նախադասություն։ «Ռազմական գործողությունները, դրանց նախորդած եւ լայնորեն տարածված ազգամիջյան թշնամանքը հանգեցրին ազգային հատկանիշով խոշորամասշտաբ տեղահանությունների»:
«Անջատողական ուժերը շարունակում են վերահսկել Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանը»:
«Եւրոպայի խորհրդի անդամ պետության կողմից օտար երկրի տարածքի զավթումը տվյալ երկրի ստանձնած պարտավորությունների լուրջ խախտում է»:
«Ադրբեջանի տարածքի զգալի մասը շարունակում է զավթված մնալ հայկական ուժերի կողմից»:
«Ասամբլեան հաստատում է, որ տարածքի անջատումը պետությունից եւ նրա ինքնիշխանությունը կարող են ձեռք բերվել միայն տվյալ տարածքի բնակչության ժողովրդավարական աջակցության վրա հիմնված խաղաղ եւ իրավական գործընթացի արդյունքում, բայց ոչ երբեք զինված հակամարտության ճանապարհով»:
90-ականների սկզբներին մեր քաջարի մարտիկները, պաշտպանելով Ղարաբաղի սահմանները, գրավում էին նաեւ սահմանակից ադրբեջանական շրջաններ։ Այն ժամանակ դա ուներ երկու բացատրություն։ Առաջինը՝ խաղաղություն հաստատելու համար հարկավոր էր ու անհրաժեշտ Ղարաբաղի շուրջը ստեղծել անվտանգության գոտիներ։ Երկրորդը՝ հայերն այդպիսով ձեռք էին բերում բանակցային լուրջ արսենալ։
Դա տեսնում ու հասկանում էին բոլորը՝ Եւրոպան, Ամերիկան, Ռուսաստանը։ Դա տեղավորվում էր զինյալ հակամարտությունների առաջին փուլի հանգուցալուծման տրամաբանության մեջ։ Հիմա, տեսնելով բանակցային գործընթացի ծույլ ընթացքը, նույն Եւրոպան հայերի ռազմավարական ձեռքբերումը որակում է իբրեւ ոտնձգություն օտար երկրի նկատմամբ։
Որովհետեւ այդ ձեռքբերումն օգտագործման ժամկետ ունի, եւ ինչպես, ասենք, մթերքը չի կարող անընդհատ պահպանել թարմությունն ու օգտակարությունը։
Եւ պատահական չէր, որ 1997 թվականին Հայաստանի Նախագահն առաջարկում էր չհետաձգել բանակցությունները, որովհետեւ 1997-ին՝ հրադադարից երեք տարի անց, այդ տարածքները բավական մեծ արժեք ունեին, եւ դրանց գործոնի խաղարկմամբ կարելի էր հասնել ավելի մեծ արդյունքի, ինչը կապահովեր ե՛ւ Ղարաբաղի լիակատար ինքնավարությունը, ե՛ւ կապը Հայաստանի հետ ե՛ւ, իհարկե, անվտանգությունը։
Իսկ 2004-ի նոյեմբերին, օդանավակայանում պատասխանելով «Հնարավո՞ր է այդ կարգավորման խնդրում վերադառնալ այն կետին, որտեղից Դուք կիսատ թողեցիք» հարցին, առաջին Նախագահն ասում է. «Չկա այն, ինչ մենք կարող էինք ստանալ 1997-ին։ Մենք դա այլեւս չենք ստանալու»։
Դեյվիդ Աթկինսոնի զեկույցով «հայկական գործոնը» հայտարարվում է ժամկետանց, ինչն առավել հավանական է դարձնում պատերազմի միջոցով խնդրի լուծման հնարավորությունը։ Եւ թեեւ Աթկինսոնը մյուս կողմից մատ է թափ տալիս Ադրբեջանի վրա՝ պահանջելով չհամարձակվել վերսկսել ռազմական գործողությունները եւ սպառնալով եւրոպական ընտանիքից վտարմամբ, բայց
հրադադարն էլ իր օգտագործման ժամկետն ունի, եւ այս զեկույցում տեղ գտած ձեւակերպումներով կարող է կորցնել թարմությունն ու օգտակարությունը։
Աթկինսոնն իր զեկույցում մի կողմից զավթիչ ու անջատողական է համարում հայերին, մյուս կողմից՝ հորդորում խնդիրները լուծել բացառապես իրավական ճանապարհով։ Ինչպես է պատկերացնում նա Հայաստանի մասնակցությունը կանխորոշված բանակցություններին՝ պարզ չէ։ Պարզ չէ նաեւ, թե ինչ պատկերացում ունի նա «զավթիչ» հարեւանի նկատմամբ ադրբեջանցիների տրամադրվածության մասին։
Կշեռքի նժարներից մեկը ծանրացել է, եւ դա բանակցությունների ձախողում է խոստանում։ Իսկ բանակցությունների ծույլ հարատեւման կամ ստույգ ձախողման դեպքում այս զեկույցի որոշ դրույթների հիման վրա Ադրբեջանն իրեն իրավունք կվերապահի ռազմի ուժով վերադարձնել կորցրած հողերը։
Եւ արդեն հոգնած միջազգային հանրությունը աչքը կփակի, ինչպես փակել էր այն ժամանակ, երբ Ղարաբաղի շուրջն անվտանգության գոտիներ էին ստեղծվում։
«Ընդդեմ եւ հանուն պատերազմի նախահիմքերի» վերնագրով հրապարակվել է hetq.am կայքում 2005 թվականի հունվարի 26-ին։
Սա էլ եղել է Աթկինսոնի զեկույցից մոտ մեկ շաբաթ առաջ՝ 2005 թվականի հունվարի 19-ին։ Մեջբերում եմ հատվածներ ԱՄՆ պետքարտուղարի օգնական Էլիզաբեթ Ջոնսի հայտարարության մասին «Ազատություն» ռադիոկայանի հաղորդած լուրից։
Նախագահ Բուշին անհանգստացնում է հանգամանքը, որ Ռուսաստանը բավական ճնշում չի գործադրում Մերձդնեստրի, Հարավային Օսիայի, Աբխազիայի եւ Լեռնային Ղարաբաղի հարցերը լուծելու համար։
Հենց Ռուսաստանի շահերից է բխում, որ Մերձդնեստրը, Աբխազիան, Հարավային Օսիան եւ Լեռնային Ղարաբաղը լինեն կայուն, կոռուպցիայից զերծ, եւ հեռացվեն այնտեղ իշխող քրեական անջատողականները:
ԱՄՆ քաղաքականությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության առնչությամբ չի փոխվել: Միացյալ Նահանգները չի ճանաչում Լեռնային Ղարաբաղը որպես անկախ պետականություն, իսկ Լեռնային Ղարաբաղի ղեկավարությունը չի ընդունվում միջազգայնորեն կամ էլ Միացյալ Նահանգների կողմից։
Միացյալ Նահանգները պաշտպանում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը։
Իմ կրոնն ու դավանանքը խոսքն է։ Ուժին, սպառազինությանը, քաղաքական խարդավանքներին ու նման բաներին չեմ հավատում։ Պետք է խոսենք, համոզենք իրար, եթե անգամ դա անհնար է թվում։