Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների ընտանիքներում 72 երեխա է ծնվել։ ՀՀ առողջապահության փոխնախարար Արմեն Նազարյանը հայտնել է, որ երեխաներից 37-ը ծնվել են Երեւանում, իսկ 35-ը՝ ՀՀ մարզերում:
Անդրադառնալով ԼՂ–ում ռազմական գործողությունների եւ բռնի տեղահանման օրերին վառելիքի պահեստի պայթյունի հետեւանքով տուժածներին՝ փոխնախարարը նշել է, որ նրանցից 167-ը ներկայում ՀՀ տարբեր բուժկենտրոններում շարունակում է ապաքինվել։ Վերջին շաբաթում 70 խնամյալ առողջացել եւ դուրս է գրվել։ 19 խնամյալներ շարունակում են բուժումն արտերկրում:
Արմեն Նազարյանը հավելել է, որ տուժածներից 26 անձի առողջական վիճակը գնահատվում է ծանր, իսկ 10–ինը` ծայրահեղ ծանր։