Իսրայելական WeRedEvils անունով հայտնի կիբեր խումբը հինգշաբթի՝ հոկտեմբերի 19-ին, հայտարարել է, որ իրեն հաջողվել է երկու ժամով անջատել Թեհրանի էլեկտրացանցը։ Բացի դրանից՝ խումբն ակնարկել է, որ անջատվել է նաեւ Իրանի Գերագույն առաջնորդ Ալի Խամենեի նստավայրի հոսանքը: Վերջին մի քանի օրվա ընթացքում հաքերներին հաջողվել է կոտրել Իրանում մի քանի զգայուն համակարգեր, դրանց թվում՝ Թեհրանի եւ հարակից գյուղերի էլեկտրացանցերը։
Կիբեր խումբն իր տարածած հայտարարության մեջ նշել է, որ Իրանում անջատել է էլեկտրաէներգիան եւ տասնյակ հազարավոր բնակիչների երկու ժամով թողել առանց կապի եւ էլեկտրականության: «Սա մեր ուղերձն է Իրանին՝ կրակի հետ մի՛ խաղացեք։ Հաջորդ հարվածն ավելի ծանր է լինելու, եւ տուժածների թիվը կավելանա, ու դա կտարբերվի ձեզ ծանոթ կիբերհարձակումներից»,- գրել են հաքերները։
Խումբը նաեւ հայտնել է, որ իրեն հաջողվել է խափանել Գազայի «Gaza Now» Telegram ալիքը այն բանից հետո, երբ ալիքը հեռարձակել է հոկտեմբերի 7-ի՝ Իսրայելի խաղաղ բնակավայրեր ներխուժած ահաբեկիչների կազմակերպած կոտորածի տեսանյութը: