Աուդիտորների պալատի նախագահ Նաիրի Սարգսյանը, անդրադառնալով Հայաստանում ցեմենտի գործարան բացելու չինական կողմի հետաքրքրվածության մասին ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի հայտարարությանը, նշել է, որ թե՛ տնտեսական, թե՛ քաղաքական առումներով անիրատեսական է, որ Չինաստանը ցեմենտի գործարան հիմնի Հայաստանում։
Սարգսյանը չի բացառում, որ հայկական կողմը չինացիներին առաջարկ է ներկայացրել` առանց դրա արժեքը, վաճառքի շուկաները հաշվարկելու, այդ շուկաներում մրցակցության պայմանները գնահատելու։
Աուդիտորների պալատի նախագահը «Սպուտնիկ Արմենիա»-ի հետ զրույցում շեշտել է, որ չինացիները հետաքրքիր դիվանագիտություն ունեն` նրանք երբեք չեն մերժում, այլ քննարկման հնարավորություն են թողնում` չբացառելով, որ միգուցե արված առաջարկն իսկապես հետաքրքիր լինի։ Բացի դրանից՝ նա նշել է, որ արդյոք ՀՀ-ն կարողանալու է մրցակցել, օրինակ, իրանական ցեմենտի հետ: Տնտեսագետը նշել է, որ Չինաստանը կարող է նույն նախագիծն անել ՌԴ տարածքում։