Սամվել Շահրամանյանը Արցախի ներկայացուցչության շենքի դիմաց պատասխանել է հավաքված արցախցիների հարցերին։ Նա հայտնել է, որ քաղաքացիների այն խմբի հարցերը, որոնց ինքն ընդունել է, հիմնականում վերաբերել են սոցիալական, տեղավորման, աշխատանքի, աշխատավարձերի խնդիրներին։ Նա ասել է, որ պատրաստ են նաեւ հարցերը գրանցելու եւ ներկայացնելու համապատասխան ատյաններին:
«Ամեն ինչ չէ, որ մեզնից է կախված, բայց մենք փորձելու ենք ձեր հարցերին լուծում տալ։ Այդ նպատակով որոշել ենք, որ այստեղ տրամադրելու ենք երկու սենյակ, եւ այն քաղաքացիները, որ կամավոր ցանկություն են հայտնել զբաղվել ձեր հարցերով, գույքագրեն, ներկայացնեն մեզ՝ հետագա ընթացքավորման նպատակով, ունենալու են էդ հնարավորությունը»,- ասել է Արցախի վերջին ղեկավարը։
Թարմացում
Երեւանում Արցախի ներկայացուցչության մոտ ցույցի ընթացքում իրավիճակը վերահսկողությունից դուրս է եկել։ Բողոքի ակցիայի մի խումբ մասնակիցներ հարձակվել են Արցախի նախագահի աշխատակազմի ղեկավար, Արցախի քաղաքաշինության նախկին նախարար Կարեն Շահրամանյանի վրա եւ ծեծել են նրան։
Ոստիկանները մեծ դժվարությամբ են կարողացել Շահրամանյանին ազատել ցուցարարների ձեռքից եւ մի կողմ տանել նրան։